Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ներկայացրել է «ևս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար». նա այս մասին հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում:
«Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնական իրականացնում են երեք ընկերություններ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (ավտոբուսներով), «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ (տրոլեյբուսներով) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ (մետրոյով)։
Այդ երեք ընկերությունները առևտրային կազմակերպություններ են (փակ բաժնետիրական ընկերություններ), որոնց բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևան համայնքին։ QR կոդով «ուղետոմս»-ը, որը տրվում է քաղաքացիներին հանրային տրանսպորտով երթևեկելու համար՝ հիշյալ ընկերություններից ոչ մեկին չի պատկանում։
Ավելին` դրա վրա չկա ոչ մի տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի հետ առնչության մասին։ Այդ տոմսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի հետ կազմակերպական և իրավական իմաստով որևէ առնչություն չունեցող մասնավոր մեկ այլ առևտրային կազմակերպության՝ «Թել-Սելլ» ԲԲԸ (բաց բաժնետիրական ընկերության), որի ծառայություններից մարդիկ կարող են օգտվել բացառապես կամավոր հիմունքներով։
Այսինքն, Երևանի քաղաքապետարանը կամ տրանսպորտային առանձին ծառայություններ մատուցող ընկերություններ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունները ուղետոմս չեն թողարկում և չեն իրացնում, իսկ քաղաքացիները պարտավոր չեն օգտվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից» , - գրել է Ղազարյանը։
0Comments