Քո մասին նրանք քո իմացածից լավ գիտեն ու քեզ վերաբերվում են արածիդ և ուզածիդ համապատասխան. քաղաքագետ

Մանրամասներ
վլադիմիր մարտիրոսյան նիկոլ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի զարմացիր, որ դրսում քեզ չեն ընդունում այնպես, ինչպես «պատմական Հայաստանի» ղեկավարներին էին ընդունում:

Քեզ ընդունում են քո «իրական Հայաստանին» համապատասխան:

Պատմականի ղեկավարներից ոչ ոքի մտքով չէր անցնի Հայաստանում օտարվել Հայ առաքելական եկեղեցուց, չմասնակցել հոգևոր արարողակարգերին, բայց օտար հողում գնալ նստել անգլիկան եկեղեցու, բապտիստների ու բողոքականների միջոցառմանը:

Մի՛ ջղաձգվիր, որ քեզ չեն ընկալում լուրջ ու առաքինի, երբ «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը ձեռքիդ փորձում ես ուրիշներին ցույց տալ այդ բրյոշուրի մեջ ներառված նրանց շահը: Նրանք քեզանից լավ ու խորը գիտեն իրենց շահը և հասկանում են, թե դրա տակ ինչպես ես ուզում իրենցից ստանալ քո անձնական արտաքին լեգիտիմությունը:

Նրանք զգում են, թե ինչպես ես ամեն կերպ խոսափում պետությանդ տարածքային ամբողջականության վերականգման հարցը իրենց մոտ բարձրացնելուց:
Մի՛ վհատվիր, որ քեզանից առաջ եղած ՀՀ բոլոր ղեկավարներին դրսում վերաբերվում էին ավելի պատկառանքով, քան քեզ:

Նրանք բոլորը այլ՝ հաղթանակած և Արցախով Հայաստանի, Սփյուռքով Հայաստանի ղեկավարներ էին:

Հաղթանակածի ու պարտվածի տարբերությունը քեզ չընդունողները լավ գիտեն:

Նրանք լավ գիտեն, թե ինչ էր սփյուռքը և ինչպես է հիմա վերաբերվում քեզ, որովհետև լավ են տեսնում, թե ինչպես ես հիսուն հոգանոց միջոցառումը, որի կեսից ավելին ԱՄՆ-ում Հայաստանի տարբեր ռանգերի դիվանագիտական ծառայողներ են, փորձում ներկայացնել, որպես հանդիպում հայ համայնքի հետ:
Մի՛ փորձիր այն ուրիշ Պատմական Հայաստանի թե՛ քաշը, թե՛ ազդեցությունը, թե՛ իր ծանր խոսքն ու սոլիդությունը վերագրել քո «իրական» Հայաստանին, որովհետև ծանրաքաշ տարածաշրջանային Հայաստանը Արցախով էր էդպիսին: Դա գիտեին և զգում էին բոլորը, իսկ հիմա գիտեն և զգում են բոլորը, թե դու ինչ ես, ինչ ես արել և ինչ ես թողել այն Հայաստանից, որն առանց Արցախի այլ է, ու քո իրական Հայաստանի կոնցեպտում դարձել է այլևս խորը խաղաղապարտ:

Քեզ վերաբերվում են այդ կոնցեպտիդ քաշին համապատասխան:

Մի՛ նյարդայնացիր, երբ նրանք գիտեն, թե ով ես, ինչ ես արել քո երկրի հետ, քո ժողովրդի հետ, հանուն ինչի ես արել ու հիմա ինչ ես ուզում:

Քո մասին նրանք քո իմացածից լավ գիտեն ու քեզ վերաբերվում են արածիդ և ուզածիդ համապատասխան:

Քեզ վերաբերվում են այնպես, ինչպես դու վերաբերվեցիր Արցախին:

P.S. Սա է մեկ շաբաթյա վոյաժիդ արդյունքը: Ոչ դեսպանդ, ոչ էլ նախարարդ մեղք չունեն: Ինչպիսին «չինն» է, էդպիսին էլ նրա չինովնիկներն են»:

Վլադիմիր Մարտիրոսյան