ԱՄՆ-ում արհմիությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին USAID-ն փակելու պատճառով

Մանրամասներ
ամն

ԱՄՆ դիվանագիտական ծառայության կազմակերպությունները և պետական ծառայողների ֆեդերացիան Կոլումբիայի շրջանի դատարան հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նպատակ ունենալով արգելափակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակելու Սպիտակ տան փորձերը: Այդ մասին հաղորդում է CNN-ը։

Հայցվորները պնդում են, որ Թրամփը մի շարք «հակասահմանադրական և անօրինական գործողություններ է կատարել»։

«Այդ գործողությունները հանգեցրել են գլոբալ հումանիտար ճգնաժամի՝ կտրուկ դադարեցնելով USAID-ի աշխատակիցների, դրամաշնորհառուների և կապալառուների կարևոր աշխատանքը: Դրանք արժեցել են հազարավոր ամերիկացիների աշխատատեղեր և սպառնալիքի տակ դրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը», – ասվում է հայցի մեջ:

Ինչպես հայտարարում են արհմիությունները, ԱՄՆ Կոնգրեսը միակ կազմակերպությունն է, որն օժտված է USAID-ն վերացնելու լիազորություններով:

Հայցվորները խնդրում են դատարանին անօրինական ճանաչել Թրամփի վարչակազմի կողմից ընդունված միջոցառումները և հրաման արձակել՝ նախագահի վարչակազմից պահանջելով «դադարեցնել USAID-ի գործունեության փակմանն ուղղված՝ Կոնգրեսի կողմից չարտոնված գործողությունները»:

Մասնավորապես, հայցում պահանջվում է ԱՄՆ ՄԶԳ-ի տնօրենի անկախ պաշտոնակատարի նշանակում, գործակալության շենքերի վերաբացում, դրա համակարգերի և վեբ էջերի վերականգնում, բոլոր դրամաշնորհների և պայմանագրերի վերսկսում, լրացուցիչ աշխատողների վարչական արձակուրդի դադարեցում, ինչպես նաև աշխատանքից ազատման ծանուցումների և պարտադիր հեռացման վերաբերյալ հրամանների չեղարկում: