Այս պահին մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, փորձում ենք շրջել թշնամանքի էջը․ Արարատ Միրզոյան

Մանրամասներ
արարատ միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական թեմաների լուսաբանման հարցում առաջատար WION լրատվամիջոցին:

Արարատ Միրզոյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, նշել է, որ Թուրքիայի հետ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել․

«Մեր արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել։

Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար։

Մեր մյուս երկու հարևանների՝ հյուսիսում՝ Վրաստանի և հարավում՝ Իրանի հետ, երկար տարիներ շարունակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և կենտրոնացած ենք այդ կապերի խորացման վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում»,- ասել է ԱԳ նախարարը։