Հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան

Մանրամասներ
Պարույր Հովհաննիսյան

Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը` պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։

Պատգամավորը ԱԳ փոխնախարարից հետաքրքրվեց` ԵՄ հետ աշխատանքների ժամանակ կամ այլ խողովակներով արտգործնախարարությունը հնարավորություն արդյոք ունեցե՞լ է բարձրացնելու Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

«Տեղի ունեցող այս դատավարությունների ֆոնին ԵՄ–ն ի՞նչ կոնկրետ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադառնան միջազգայնորեն ճանաչված պարտավորությունների կատարմանը»,– հարցեց Գևորգյանը։

Ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ ոչ միայն վերջին շրջանում, այլև միշտ ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ հետ յուրաքանչյուր միջոցառման, շփման ժամանակ մշտապես այդ հարցը պահում է օրակարգում։

«Կոնկրետ գործողությունները, քայլերը, ասել, որ մեզ համար գոհացուցիչ են` ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը. ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»,– արձագանքեց ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այս պահին պահվում է Բաքվի կողմից հաստատված 23 գերի։