Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ

Մանրամասներ
ՌԴ ՔԿ

Նոր կասկածյալներ են հայտնվել Աբխազիայում բնակվող հայերի, ռուսների և ՌԴ քաղաքացիություն ունեցող աբխազների նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ քրեական գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Հակահայկական հռետորաբանությունը լցրել էր Աբխազիայի հարթակներն ու սոցիալական ցանցերը նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով։ Իրավիճակը սրվել էր փետրվարի 17-ին, երբ սոցիալական ցանցերում տարածվել է մի ձայնագրություն, որում, մասնավորապես, Աբխազիայի նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակից Էնվեր Բգանբան (նույն ինքը ՝ Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի զարմիկը) կոչ էր արել «զբաղվել» հայերով.«Հայերի հետ պետք է այլ կերպ աշխատել։ Նրանց պետք է միայն վախեցնել...»։

Ռուսաստանի Քննչական կոմիտեն սկսել է ստուգել Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի եղբորորդուն՝ Բգանբային, ատելության և թշնամանքի հրահրման քրեական գործով։ Հետաքննության մեջ լուրջ առաջընթաց կա, հայտնել Է Պետրենկոն։

Նրա խոսքով՝ ընտրությունների երկրորդ փուլի և արդյունքների հետագա հաշվարկի ընթացքում նոր հարձակումներ են տեղի ունեցել նաև Աբխազիայի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացիների վրա: Արձանագրվել են կյանքին սպառնացող, կամարտահայտությանը խոչընդոտելու մի քանի փաստեր, մասնավորապես՝ քվեաթերթիկների քվեատուփերը վնասելու միջոցով։

Մի դեպքում կրակել են իրավապահների ուղղությամբ։ Պետրենկոն պարզաբանել է, որ հարձակվողներից մի քանիսը ձերբակալվել են, զգալի թվով կասկածյալներ են հայտնաբերվել, և ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր ներգրավվածներին կալանավորելու ուղղությամբ։

Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն։