Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի Ritz-Carlton հյուրանոցում ընթանում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, հայտնում է CNN-ը:
Պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման և մասնակի հրադադարի վերաբերյալ ուկրաինական առաջարկի մասին:
Սեղանի գլխին նստել են Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու արտգործնախարարը։
ԱՄՆ-ն ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ուկրաինական կողմից նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն է, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Երմակը հանդիպումից առաջ ընդգծել է, որ Ուկրաինան ԱՄՆ պաշտոնյաների հետ այսօրվա բանակցություններին «շատ բաց» է տրամադրված։
«Այժմ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է քննարկել ամենակարևորը՝ ինչպես սկսել գործընթացը: Եվ մենք շատ բաց ենք, ցանկանում ենք շատ կառուցողական, խորը, բարեկամական, գործընկերային զրույց ունենալ մեր ամերիկացի գործընկերների հետ», - հանդիպումից առաջ հյուրանոցի նախասրահում լրագրողներին ասաց Երմակը։
Երմակը հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքները «շատ կարևոր» են, որպեսզի համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանը չկարողանա կրկին հարձակվել, սակայն ընդգծել է, որ հանդիպման առաջնահերթությունը Մոսկվայի հետ խաղաղության շուրջ բանակցային գործընթաց սկսելն է։ Երմակը հրաժարվել է նշել, թե Ուկրաինան ինչ զիջումների է պատրաստ գնալ խաղաղության համաձայնագրի հասնելու համար:
0Comments