«Զելենսկուն զգուշացնում են, որ Թրամպի վարչակազմը չունի «մուկնուկատու» խաղալու տրամադրություն». Հակոբ Բադալյան

Մանրամասներ
ուկրաինա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է․

Ուկրաինայի հարցերով Տրամպի հատուկ ներկայացուցիչ Կելլոգը բավականին կոշտ հայտարարություն է արել Զելենսկու հասցեին:

Զելենսկին ասել էր, թե Ուկրաինան 174 միլիարդ դոլար չի ստացել ԱՄՆ-ից: Կելլոգը այդ մասին լրագրողի հարցին պատասխանում է, որ ամերիկացի ժողովուրդը 174 միլիարդ է տվել Ուկրաինային, նշանակվել են այդ փողի հոսքը վերահսկող տեսուչներ թե ԱՄՆ-ում, թե Ուկրաինայում, եւ իրենք մանրամասն հաշվետվություն ունեն այդ փողերի առնչությամբ:

Փաստացի Կելլոգը Զելենսկուն զգուշացնում է, որ Տրամպի վարչակազմը չունի «մուկնուկատու» խաղալու տրամադրություն եւ Զելենսկու խաղը կարող է ավարտվել նրանով, որ նա ի վերջո ամերիկացի ժողովրդի փողերի համար ստիպված լինի պատասխան տալ իրավական կարգով:

Ընդ որում, հատկանշական է, որ ԱՄՆ այս զգուշացումը հնչում է փաստորեն այն բանից հետո, երբ Կիեւում ընդունում են Բրիտանիայի ԱԳ նախարարին: Բրիտանիայի դերն ուկրաինական պատմության մեջ նշմարված է վաղուց՝ Լոնդոնը կողմնակից չէ կրակի դադարեցման, ունի իր հարցերն ու շահերը: Երբ Տրամպը նախօրեին հայտարարեց, որ կա առաջընթաց ուկրաինական հարցում բանակցությունում, հաջորդ օրն իսկ փաստորեն Կիեւ թռավ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

Եվ ահա, ԱՄՆ-ից բավականին կոշտ զգուշացում Զելենսկուն: Կելլոգը նաեւ ասել է, որ նա ստիպված կլինի անցկացնել նախագահի ընտրություն: Իհարկե նշել է, որ պատերազմի ժամանակ ընտրություն անելը թույլ չի տալիս Ուկրաինայի Սահմանադրությունը, բայց «կգա պահը, երբ իրենք ստիպված կլինեն ընտրություն անցկացնել», հայտարարել է Կելլոգը:

Ավելին, խոսվում է, որ արդեն իսկ առաջիկա օրերին՝ Մյունխենում մեկնարկելիք ամենամյա անվտանգության համաժողովի ընթացքում կարող է ներկայացվել ուկրաինական կարգավորման Տրամպի պլանը:

Եթե դա տեղի ունենա, եթե այն իսկապես ներկայացվի, ապա թերեւս կնշանակի, որ Տրամպը թերեւս լուծել է այդ պլանն իրագործելու ճանապարհի հարցը: Այլապես, եթե այդ հարցը լուծված չլինի, ապա հազիվ թե Տրամպը պաշտոնապես պլան հանրայնացնի: