ԱՄՆ-ում պատրաստվում են Ուկրաինայում USAID-ի միլիարդավոր դոլարների լվացման աուդիտ անել

Մանրամասներ
USAID մզգ

ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում, որը կապված է Միջազգային զարգացման գործակալության (USAID) գծով Ուկրաինային հատկացված ֆինանսական օգնության հետ։ Այս գործակալության ծրագրերն արդեն 90 օրով սառեցվել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարգադրությամբ:

Հրամանագիրն անակնկալի է բերել Պետքարտուղարության պաշտոնյաներին, իսկ Ուկրաինայի համար պատասխանատու աշխատակիցներին հրահանգվել է դադարեցնել աշխատանքը։ Քննիչներն ավելի քան 20 ստուգում են սկսել Ուկրաինայում USAID-ի ծրագրերի ֆինանսավորման հետ կապված հափշտակությունների, կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքներով: Ինչպես պարզել է RT-ն, ԱՄՆ ՄԶԳ-ն, որի գործունեությունը կապում են ԿՀՎ-ի հետ, ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման հարցերով խորհրդական է փնտրում` գաղտնի տեղեկությունների հասանելիությամբ, որպեսզի նա զբաղվի կրիտիկական ենթակառուցվածքների վերակառուցմամբ`էներգետիկ օբյեկտներ, տրանսպորտ, կառավարական ենթակառուցվածքներ։ Դրա համար մասնագետին պատրաստ են վճարել ամսական 15 հազար դոլար։

Գործակալության փաստաթղթերից հետևում է, որ USAID-ի ղեկավարությունը նախատեսում է Ուկրաինայի «վերականգնման» համար 419 մլրդ դոլար ծախսել։ Համաշխարհային բանկը ամբողջ ավերված ենթակառուցվածքի վերականգնման արժեքը գրեթե հենց այդքան է գնահատել` 420 մլրդ դոլար:

«Ես չգիտեմ՝ նկատի ունեն Ուկրաինայի ամբողջ տարածքը, թե Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքը։ Դա վերականգնման ամբողջական արժեքն է»,- RT-ի հետ զրույցում ասել է ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի Ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն շահագրգռված չէ ուկրաինական տնտեսությունը վերականգնելու հարցում։

«Նրանք այդքան փող չունեն։ Նրանք փորձում են ձեռք դնել ռուսական միջոցների վրա, որոնք սառեցվել են, բայց այդ ամբողջ գումարը Եվրոպայում է։ ԱՄՆ-ն փորձում է ամեն ինչ նորից գցել Եվրոպայի վրա։ Այստեղից էլ գալիս են բոլոր խնդիրները. քանի դեռ պայքարը հաղթանակի համար էր, լավ էր։ Իսկ երբ պարզ դարձավ, որ հաղթանակ չի լինելու, սկսվեց խոսակցությունը, թե ուր են գնում փողերը»,- ասում է Վասիլևը։

Ծրագրեր, վարկեր և նույնիսկ պարգևավճարներ

USAID-ն ընդունում է, որ կազմակերպության ազդեցությունն Ուկրաինայում «աճել է ծրագրերի և բյուջեի էքսպոնենցիալ աճի հետ մեկտեղ»: Դա երևում է ԱՄՆ պետական գնումների տվյալներից` եթե 2021 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում աշխատանքին վերաբերող հայտերի հարթակում տեղադրել է 230 մլն դոլար, ապա արդեն 2023 թվականին այդ գումարն ավելացել է 5,5 անգամ՝ հասնելով 1,3 մլրդ դոլարի։

Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ընդամենը երեք տարվա ընթացքում կազմակերպությունը, ըստ իր իսկ տվյալների, 3,5 միլիարդ դոլար է ուղարկել Ուկրաինա՝ մարդասիրական օգնության տեսքով, ևս 2,9 միլիարդ դոլար նախատեսված էր «զարգացման նպատակների համար» և գրեթե 27 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի կառավարությանը ուղիղ բյուջետային աջակցության տեսքով: Չհաշված Ուկրաինայի կառավարությանը խոստացված USAID-ի 20 մլրդ դոլարի վարկը։

Այս տարի USAID-ն հույս ուներ միանգամից մի քանի թանկարժեք ծրագրեր իրականացնել Ուկրաինայում, իսկ մայիսին «աշխատանքային ռեսուրսների զարգացման» հայտեր բացել։ Ամերիկացիները խոստովանում են, որ ուկրաինական աշխատաշուկային «պատերազմի հետևանքով առաջացած ժողովրդագրական և կադրային ցնցումներ» են սպասում։ Նախագծի հեղինակները հույս ունեն «բարձրացնել Ուկրաինայի աշխատուժի որակավորումն ու վերապատրաստում անցկացնել»՝ դրա համար ծախսելով 100-ից մինչև 300 մլն դոլար:

USAID-ն ուզում է ևս 300 մլն դոլար ծախսել պարգևավճարների վրա։ Նրանց նպատակն է «բարելավել բիզնեսի պայմանները» և «աջակցել մրցունակ արդյունաբերություններին և ընկերություններին, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու արտահանման ավելացմանը»: Այս ծրագիրը նախատեսված է 5 տարվա համար (2024-2029 թվականներ)

Տնտեսության իրենց ընտրած ոլորտներում փոքր և միջին բիզնեսին աջակցելու միջոցով ամերիկացիները ցանկանում են «նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը օլիգարխներից աջակցություն ստացող խոշոր բիզնեսից և Ռուսաստանի հետ առևտրից» և «նոր շուկաներ գտնել»: Ամերիկացիներն ուղիղ նշում էին, որ Ուկրաինայի «տնտեսական զարգացման» նախագիծը «հիմնական ուշադրությունը կդարձնի Լուգանսկի և Դոնեցկի մարզերին աջակցելուն, բայց ակտիվորեն կաշխատի նրանց և երկրի մնացած մասի միջև տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ»: Այսպիսով, նախագծի հեղինակները հույս ունեին թուլացնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի՝ Կիևի վերահսկողության տակ մնացած տարածքների կապերը և բռնի կերպով ինտեգրել դրանք Ուկրաինայի և Արևմուտքի երկրների տնտեսությանը:

USAID-ն և ուկրաինացիների հոգեկան առողջությունը

Բացի Ուկրաինայի ավերված տնտեսության «կայունացումից», USAID-ի մասնագետները 2017 թվականից ի վեր զբաղվում են Ուկրաինայում առողջապահության բարեփոխումներին աջակցելով։ Այս նախագծի ավարտը նախատեսված էր 2023 թվականի ապրիլին: Սակայն այն երկու տարով երկարաձգվեց, իսկ ընկերությունը դրա արժեքին ավելացրեց ուղիղ 100 հազար դոլար՝ 37 311 դոլարից հասցնելով 137 311 դոլարի:

Այս տարի ԱՄՆ ՄԶԳ-ն ձգտում է զբաղվել նաև ուկրաինացիների հոգեկան առողջությամբ։ Ասում են` դա կօգնի «ազգային զարգացմանը»: Դրա համար առաջարկվում է «ստեղծել հոգեկան առողջության գիտականորեն հիմնավորված ներառական էկոհամակարգ»։ Եվս 50 մլն դոլար նախատեսվում է «դեղագործական ոլորտի կայունության և թափանցիկության բարձրացման» համար։ Թե ինչպես է USAID-ն մտադիր գնահատել ուկրաինական տնտեսության «մրցունակության» և «կայունության» աճը, դեղագործական շուկայի «թափանցիկությունը» և բնակչության հոգեկան առողջությունը, չի հստակեցվում:

Ամեն չորս դոլարից երեքը՝ ռազմաճակատին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերի ճակատին, իսկ USAID-ն՝ թիկունքին։ Վլադիմիր Վասիլևը բացատրում է` եթե ռազմական գործողությունները պահանջում են ռեսուրսների մշտական սպառում, ապա Ուկրաինայի համար նախատեսված սոցիալական դոտացիաները գործում են անցքեր փորելու սկզբունքով։

Նա վկայակոչում է ԱՄՆ-ի վերջին տվյալները, որոնց համաձայն` 2,5 տարվա ընթացքում՝ 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի սեպտեմբերը, Կիևին հատկացվել է 183 միլիարդ դոլար, որից 124,9 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության գծով, իսկ 39,8 միլիարդ դոլարը՝ USAID-ի միջոցով։ Ճիշտ է` 39,8 միլիարդ դոլարից միայն 31 մլրդ դոլարն է ծախսվել։

«Ստացվում է, որ երեք դոլար գնում է ռազմաճակատ, մեկ դոլար՝ թիկունք»,- նշում է փորձագետը:

Ամերիկացիները Ուկրաինայում ծախսերի մասին զեկուցում են Կիևի տվյալների համաձայն, ընդ որում՝ ամերիկյան ամբողջ օգնության միայն 10%-ը գնահատման անկախ աղբյուրներ ունի:

«Մնացած ծախսերն ամբողջությամբ Ուկրաինայի իշխանությունների հայեցողությամբ են արվում։ Դա սև խոռոչ է», — ընդգծում է RT-ի զրուցակիցը։

Մինչև վերջերս ԱՄՆ-ն փորձում էր պայքարել Ուկրաինայում իր փողերի թալանի դեմ՝ կրճատելով դոտացիաները կամ դրանք մաս առ մաս տրամադրելով։

«Զելենսկին ԱՄՆ-ի, այդ թվում՝ USAID-ի հասցեին գոռում էր․ «Քիչ եք տալիս, դանդաղ եք տալիս»։ Ամերիկացիներն իսկապես սկսել էին ձգձգել և Կիևին նվազագույն չափով էին օգնում՝ այն հաշվարկով, որ հերիքի նրանց նվազագույն օպերատիվ կարիքները փակելուն։ Որպեսզի քիչ բան մնա, որը կարելի է տեղնուտեղը գողանալ, քանի որ ստիպված կլինեին նախ այդ փողով ինչ-որ ծակեր փակել»,-բացատրում է ամերիկագետը։

Նրա տվյալներով՝ Ուկրաինայում USAID-ի գումարները նախատեսված են փախստականներին և արտակարգ օպերատիվ ծառայություններին, այդ թվում՝ բժիշկներին ու հրշեջներին աջակցելու, ինչպես նաև էներգետիկ կառուցվածքին օգնելու համար: Բայց ամենակարևորն այն է, որ այդ գումարով ապահովվում է Ուկրաինայի պետական ծառայողների աշխատավարձը։ Վասիլևն ընդգծում է` այս դոտացիան ուղղակիորեն նախատեսված է Ուկրաինայի կառավարության համար։

«Եթե նախկինում Ուկրաինայի ռազմական կարիքների համար ծախսվում էր բյուջեի 20 տոկոսը, ապա հիմա՝ 50 տոկոսը։ Հարց` ո՞ւր է այդ 30 տոկոսի անցքը: Ինչ-որ գումար հանվում է տնտեսությունից, սոցիալական ոլորտից։ Բայց հիմնական անցքերը ամերիկացիները փակում են։ Ճիշտ են ասում, որ Ուկրաինային վաղուց ԱՄՆ-ն է պահում։ Եվ եթե վաղը Ամերիկան փող չտա, պատերազմ էլ չի լինի»,-նշում է նա։

2018-ին մեկնարկած մեկ այլ առանձին նախագիծ նվիրված է ուկրաինական «ժողովրդավարությանը» և իրականացվում է մինչ օրս։ Դրա համար արդեն իսկ 157 մլն դոլար է ծախսվել։ Այս ծրագրի թափուր աշխատատեղերի թվում է «Ժողովրդավարության և քաղաքական բարեփոխումների խորհրդականի» պաշտոնը, որը պետք է աջակցեր կազմակերպությանը քաղաքական փոփոխությունների կամ անսպասելի իրադարձությունների ժամանակ:

Դեռևս 2014 թվականին Կուբայի հարցերով մասնագետ Փիթեր Քորնբլուխը «The New York» Times-ի սյունակում խոստովանել էր, որ հսկայական տարբերություն կա ամերիկյան արտաքին օգնության ծրագրերի միջև, որոնք բացահայտորեն աջակցում են ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և սոցիալ-տնտեսական առաջընթացին, և ռեժիմի փոփոխությանն ուղղված գաղտնի գործողությունների միջև, որոնք USAID-ն իրականացնում է Կուբայում «ժողովրդավարության» ծրագրի անվան տակ:

Ցորենը` մեզ, փախստականները՝ ձեզ

Ուկրաինայում USAID-ի հնարած թերևս միակ նախագիծը, որը վերաբերում է տնտեսության իրական հատվածին և ենթակառուցվածքներին, Լեհաստանից մինչև Լվով երկաթուղու կառուցումն է։ Խոսքը Լվովից մինչև սահմանամերձ Մոստիսկա քաղաք երկաթուղու 75– կիլոմետրանոց հատվածում համակցված կրկնակի գծի ստեղծման մասին է, որպեսզի ուկրաինական ապրանքներով կոնտեյներները Եվրոպա տեղափոխվեն նեղ եվրոպական գծով։ Նախագիծն ի սկզբանե գնահատվում էր 225 մլն դոլար, սակայն այսօր պետական գնումներում արդեն մեկ այլ առավելագույն արժեք է նշված՝ 300 մլն դոլար։ USAID-ն մտադիր է ընդհանուր առմամբ արդիականացնել Ուկրաինայի պետական սահմանի 42 անցակետ:

USAID-ում հաշվարկել են, որ Ուկրաինական երկաթուղիների հարմարեցումը ԵՄ-ին թույլ կտա Եվրոպայի ուղղությամբ ուկրաինական արտահանումը հասցնել մինչև 425 մլն դոլարի։ Չի բացառվում, որ մատակարարումների մի մասը նախատեսված է Արևմուտքի հանդեպ Ուկրաինայի բազմամիլիարդանոց պարտքը վճարելու համար։ Կիևում մարդասիրական առաքելությունից օգուտ քաղելու մտադրության մասին է վկայում USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերի հայտարարությունը. նա հաշվել էր, որ «տրամադրված օգնության յուրաքանչյուր դոլարի դիմաց ուկրաինացի ֆերմերները 6 դոլարի գյուղատնտեսական արտադրանք են տալիս»:

Նույն երկաթուղին, նախագծի հեղինակների մտահղացմամբ, «ավելի արագ երթուղիներ կապահովի, որպեսզի Ուկրաինայի տեղահանված քաղաքացիները տուն վերադառնան»։ Այսինքն՝ ԵՄ-ին ցանկության դեպքում կկարողանա ուկրաինացի փախստականներին հետ ուղարկել Ուկրաինա, որտեղ նրանց բռնի զորահավաք է սպառնում։

Կարևորը` հետաքննության ընթացքում ինքդ քեզ չբռնես

ԱՄՆ ՄԶԳ-ն իր հակակոռուպցիոն վարչությունն ունի, որը գլխավորում է ԱՄՆ արդարադատության նախարարությունից եկած Փոլ Մարտինը։ Նա զբաղվում էր Ուկրաինայում իրացվող պայմանագրերի ստուգմամբ և խարդախության ու շահերի բախման նշաններ էր հայտնաբերել։ 2024 թվականի սեպտեմբերին նա զեկույց էր պատրաստել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի համար, որը կոչվում էր «Ընդհատված արտաքին քաղաքականություն. ինչպես են խարդախությունները, վատնումներն ու չարաշահումները բթացնում Ամերիկայի ազդեցությունը արտերկրում»։

Զեկույցի համաձայն՝ քրեական գործերով քննիչներն ավելի քան 20 ստուգում են սկսել Ուկրաինայում USAID-ի կողմից իրականացվող նախագծերի ֆինանսավորման հետ կապված հափշտակությունների, կաշառակերության, կոռուպցիայի և շահերի բախման մեղադրանքներով, ինչպես նաև 5 հետաքննություն՝ կոռուպցիայի հաստատված փաստերի վերաբերյալ: Դրանցից մեկը վերաբերում էր 2022 թվականի ապրիլին Լվովում հումանիտար բեռի գողությանը։ Այդ տարվա հունիսին տեսուչները տեղեկություններ էին ստացել բժշկական սպառման պարագաներ ձեռք բերելու համար պագևավճարների հետ կապված խարդախության հնարավոր սխեմայի մասին:

Տեսուչները նաև պարզել են, որ USAID-ն նույնիսկ չի ստուգել Ուկրաինայի առողջապահության աշխատողների աշխատավարձի վերաբերյալ տվյալները, որոնք փոխհատուցելու համար կազմակերպությունը 1,7 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինայի իշխանություններին: Տեսուչներին հետաքրքրել են նաև էներգետիկ անվտանգության, «Starlink» արբանյակային տերմինալների, ինչպես նաև Ուկրաինայում սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանության վերաբերյալ USAID-ի ուկրաինական նախագծերի բյուջետային ծախսերը:

Ներքին հետաքննությունը ևս հետաքրքիր պարադոքս է ցույց տալիս։ 2022 թվականի փետրվարին, ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Կիևում գտնվող դեսպանատունը լքել է USAID-ի ամբողջ անձնակազմը, բայց դրա հետ մեկտեղ Ուկրաինայում կազմակերպության ծախսերը 2022 թվականին ավելացել են 224%-ով։ Հարց` ո՞վ էր Կիևում տնօրինում USAID-ի փողերը և վերահսկում ավելացած ծախսերը։ Գլխավոր տեսուչ Մարտինը խոստովանում է ՝ դա գործնականում անհնար էր ստուգել` հաշվի առնելով, որ ԱՄՆ կառավարական աշխատակիցներին արգելված է դուրս գալ Կիևի շուրջ գծված սահմանափակ «կանաչ գոտուց»։

Վլադիմիր Վասիլևը կարծում է` Թրամփի վարչակազմի գալով` ԱՄՆ-ն կարող է լրջորեն զբաղվել Ուկրաինայում փողերի արտահոսքի հարցով։ Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտն արդեն Ուկրաինայում միջոցների յուրացման վերաբերյալ հետաքննությունն է սկսել։ Կիևին օգնելու մասին Թրամփի առաջին հրամանագիրը պահանջում է 90 օրով դադարեցնել այն։ Խոսքն առաջին հերթին USAID-ի գումարների մասին է։ Այնուհետև հանրապետականները մտադիր են Ուկրաինայի հարցով հատուկ տեսուչ նշանակել, այդ որոշումն արգելափակվել էր Բայդենի օրոք։

«Գործակալության գծով օգնությունը դադարեցվել է։ Նման խոշոր հետաքննությունն աննախադեպ էր, քանի որ Ուկրաինան, կարծեմ, ավելի շատ փող է ստացել, քան Մարշալի ծրագրի բոլոր մասնակիցները (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի տնտեսական վերականգնման և զարգացման ծրագիր. խմբ.): Բայց մի բան է ներդրումներ անել Գերմանիայում, իսկ մեկ այլ բան՝ Ուկրաինայում։ ԱՄՆ-ում հասկանում են, որ դա կորած փող է։ Նրանք ուզում են պայմաններ ստեղծել, որպեսզի ասեն՝ վերջ, փակեք Ուկրաինայի հարցը, վերջացրինք։ Այո, մենք այստեղ անդառնալիորեն 30 միլիարդ դոլար ենք կորցրել, դրանք թալանել են։ Բայց մենք նրանց այլևս երբեք ոչինչ չենք տա»,- եզրափակել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է ծախսված միջոցները գրանցել որպես Ուկրաինայի պարտք։

«Պարտքերի դիմաց Ուկրաինան կարող են տնտեսապես քայքայել։ Ե՛վ հողի, և՛ այլ ակտիվների գնում է ընթանում։ Երկիրը կարող են թալանել, դա հաստատ է»,- կարծում է ամերիկագետը։

Փորձագետը նաև չի բացառում, որ հացահատիկի մատակարարումները կարող են դիտարկվել որպես Կիևի պարտքերի վճարում: Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ ՄԶԳ-ն պարտքերով չի զբաղվում, դա Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքն է։