Ղազախստանը հրապարակել է ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման նախնական զեկույցը

Մանրամասներ
վթար

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում կործանված Azerbaijan Airlines-ի (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննության նախնական արդյունքները, հայտնում է Tengrinews.kz-ը։

«Զեկույցում ներկայացված տեղեկությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել՝ հիմնվելով բոլոր նյութերի ուսումնասիրության և հետազոտման արդյունքների վրա: Աշխատանքների ավարտից հետո ավիացիոն վթարի հետաքննության արդյունքների հիման վրա վերջնական հաշվետվություն կպատրաստվի»,- ասված է փաստաթղթում։

Նշվում է, որ պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի և ձևերի բազմաթիվ թափանցանց և ոչ թափանցանց վնասվածքներ ֆյուզելաժի, կայունացուցիչի պոչաթևի և այլ հատվածներում: Ղազախական կողմը զեկույցում հավելել է, որ որոշ տեղերում վնասը կանոնավոր ուղղանկյան ձև ունի:

Բացի դրանից, զեկույցում նշվում է, որ հանձնաժողովը շարունակում է օդանավի կառուցվածքներին հասցված վնասների մանրամասն ուսումնասիրությունը։