Էրդողանը կոչ է արել նախապատրաստվել Թուրքիայում հնարավոր երկրաշարժին

Մանրամասներ
էրդողան

Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում հնարավոր արտակարգ իրավիճակներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին մի քանի օրերին հունական տարածքներում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները ևս մեկ անգամ հիշեցնում են մեր աշխատանքի կարևորության և այն մասին, որ երկրաշարժերին պատրաստ լինելը կարևորագույն հարց է մեր երկրի համար: Տեղական վարչակազմերը քաղաքային միջավայրի վերափոխման նախագծերի միջոցով պետք է քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերին, այլ ոչ թե հետապնդեն քաղաքական շահ», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիայի քաղաքները, հատկապես Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց բացի այլ ելք չկա:

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին՝ մեկը մյուսից 9 ժամ ընդմիջմամբ, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Վերջին տվյալներով ՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ։