Մենք արդեն մի քանի հարյուր քաղաքացիներից հայտեր ենք ստացել հանդիպումների եւ իմ պլանը հետեւյալն է, որ յուրաքանչյուր չորեքշաբթի, երբ ազատ կլինենք ԱԺ նիստերից, կանցկացնենք հանդիպումներ, իսկ մարզային այցերը կանենք շաբաթ-կիրակի օրերին: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախաձեռնությանը՝ հանդիպել քաղաքացիների հետ եւ քննարկել «իրական Հայաստանի» գաղափարը:
«Առաջինը ուսանողների խումբ էր ցանկացել հանդիպել, շաբաթ օրը այդ խմբի հետ եմ հանդիպելու: Վստահ չեմ, իրենց նախաձեռնությունն իրական Հայաստանի գաղափարախոսության հետ էր կապված, թե դրանից առաջ էր եղել նախաձեռնությունը: Այս պահին բոլոր տեսանելի չորեքշաբթիները նշանակված են հանդիպումներ:
Լանն այն է, որ եւ կառավարության գործունեության գծով, եւ կուսակցության գործունեության գծով իրական Հայաստանի գաղափարախոսության գծով մարզային այցերը փորձենք համադրել, որպեսզի ճանապարհների վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսենք»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով «իրական Հայաստանի» գաղափարախոսության բովանդակությանը, վարչապետն ասաց. «ՀՀ քաղաքացիները ցանկացած պահի պետք է իմանան, թե կառավարությունն ինչ նախագիծ է իրականացնում: Երբ մենք 1991-ին անկախություն հռչակեցինք, այնքան էլ հստակ չէր, թե նախագիծը ո՞րն է, որ իրականացնում ենք: Ամբողջական նախագիծ չունեինք, մենք 1991-ին չենք ձեւակերպել, թե 2020-ին Հայաստանն ինչ պետք է ներկայացնի: Այս համատեքստում է, որ ձեւավորվեց Հայաստանի մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը: Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ կարեւոր է, որ քաղաքացու հետ լինի պայմանավորվածություն ապագայի նախագծի շուրջ: Շատ կարեւոր է, որ պետությունում հաստատված իրավակարգը քաղաքացին ընկալի որպես իր եւ ուրիշների ձեռք բերված պայմանավորվածության արդյունք»:
0Comments