250 մլն դոլար չի մտել բյուջե, որովհետև մեքենաների բումը դուք տեղափոխել եք տաք երկրներ. Աղազարյանը՝ Թունյանին

Մանրամասներ
քպ

Այդ մեքենաների բումը չի անցել, մեքենաների բումը տեղափոխվել է ուրիշ տեղ՝ տաք երկրներ, որի արդյունքում անցած տարի հոկտեմբեր ամսվա կտրվածքով մեկ միլիարդ դոլարի մեքենա է Միջին Ասիայով գնացել Ռուսաստան և դրա ճնշող մեծամասնությունը հայ գործարարների միջոցով, պետական բյուջեն չի ստացել 250 միլիոն դոլար: Այս մասին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նշենք, որ Թունյանն առաջարկում է փոփոխություն հարկային օերնսգրքում, որով մեքենաների լիզինգով և վարձույթով զբաղվող ընկերությունները չեն հայտնվի գործող կարգավորումների մեջ, այն է` չեն հարկվի ՊԵԿ-ի առաջարկած վերադիրով:

«Դաշտը պետք չի մասնատել: Հիմա շատ ընկերություններ կդառնան լիզինգային ընկերություններ, կդառնան եսիմ ինչ ծառայություններ, կսկսեն չարաշահել, և այդ չարաշահումից արդյո՞ք Դուք չեք անհանգստանում, որ հիմա էլ այսպես կլինեն ընկերություններ, որ կօգտվեն օրենքի այդ տվյալից, հետո կսկսեն այսպես կոչված չարաշահել, մենք էլ կսկսենք իրենց կալանավորել, հետո ճնշումներ գործադրել և այլն, և այլն»,- ասաց պատգամավորը։

Թունյանը համաձայնեց Աղազարյանի հետ, որ հատվածական լուծումները սխալ են, բայց այս դեպքում, օրինակ, վարձույթով զբաղվողների համար ի սկզբանե եղել է տարբերվող խաղի կանոն, հետո դա ավտոմատ վերացել, գնացել է։

«Հիմա այդ Ձեր ասած ռիսկը, որ կարող է շատերը գան, տեղավորվեն վարձույթի անվան տակ կամ չգիտեմ, ինչ-որ մեկի անվան տակ, լիզինգի մասով սա բացառվում է, որովհետև լիզինգային կազմակերպություն գրանցելն ու աշխատեցնելն այդպես հեշտ գործ չի։ Ինչ վերաբերում է վարձույթին, այստեղ պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ այնպիսի լուծում է մշակված, որ այդ ռիսկը փակվի: Այսինքն, ավելացված արժեքի հաշվանցումները տեղի են ունենալու փաստացի մեքենաները վարձույթի տալու արդյունքում ստացված գումարների հաշվին: Այսինքն, եթե մարդը փաստացի վարձույթով իր մեքենաները չի տալիս ու այդ գործունեությամբ չի զբաղվում, այս արտոնությունից չի կարելու, չի կարողանալու օգտվել, այսինքն այդ ռիսկը փակված է այդ մասով»,- ասաց Թունյանը։