Ընդդիմադիր ուժերը չպետք է շեղվեն իրենց գլխավոր գծից։ Այն է՝ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցից։ Մարտի 6-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք է հայտնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը.
Միաժամանակ, ինչպես նշել է պատգամավորը, յուրաքանչյուրը պետք է գործի յուրովի։ Նրա խոսքով՝ 2018թ. գործադիր իշխանությանը դավաճանեց խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին։ «Սա փաստ է։ Իսկ կարո՞ղ էիք չհանձնել։ Հանրապետականներն իրենք են ասում. «Եթե իմանայինք, թե ինչպիսին են լինելու հետեւանքները, ապա ավելի վճռական կլինեինք եւ այլ կերպ կվարվեինք»։ Երկրի երկրորդ նախագահը խոսել է ռիսկերի մասին, որոնք պարունակում էր 2015թ. Սահմանադրության նախագիծը»,- ասել է Վարդանյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ հարցեր կան, որոնք պատասխան ու պարզաբանում են պահանջում։ Օրինակ՝ ի՞նչ կլիներ, եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրեր։
«Ես կոչ եմ անում գիծ քաշել այս թեմայի տակ, ընդունել տարաձայնությունների առկայությունը եւ հետեւել գլխավոր գծին, բայց յուրաքանչյուրը՝ յուրովի»,- ավելացրել է պատգամավորը՝ հանրապետականներին եւ մյուսներին կոչ անելով ամբողջ մեղքը չգցել հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վրա, քանի որ վերջինս այն ժամանակ արդեն քիչ բան կարող էր լուծել։
Իսկ ներքաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրը, ինչպես կարծում է Աղվան Վարդանյանը, մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ոչ թե այն հարցը, թե ով, ի վերջո, նրան բերեց իշխանության։
0Comments