Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապաշրջափակումը տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից է. ՀՀ ԱՀԾ զեկույց

Մանրամասներ
ճանապարհ

Տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մրցավազքում թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների գործողությունները 2025 թվականին, ամենայն հավանականությամբ, կշարունակեն տեղավորվել ռեգիոնում սեփական քաղաքական ազդեցությունը պահպանելու կամ մեծացնելու տրամաբանության մեջ, ինչը Հայաստանի համար կարող է ստեղծել անվտանգային լրացուցիչ ռիսկեր։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հրապարակած ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում:

«Ի տարբերություն որոշ կենտրոնների, որոնք տարածաշրջանի ապաշրջափակումը դիտարկում են մրցակցային և քաղաքական ազդեցությունների տեսանկյունից, Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ միայն խաղաղության օրակարգի բաղադրիչներից մեկը, այլև որպես լոգիստիկ, տարանցիկ ուղիների ներուժի ամբողջական իրացման հնարավորություն, որի ամբողջական էությունն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, տարանցիկ հնարավորությունների ամբողջական ապաշրջափակումը ոչ միայն տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից է, այլև, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրողությունները, մեր տարածաշրջանը Եվրասիա մայրցամաքի կարևոր և ապահով լոգիստիկ հանգույցներից մեկը դարձնելու իրական հնարավորություն ունի»,- նշվում է զեկույցում։