«Արարատ» ակումբի տնօրենը՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին

Մանրամասներ
կորտեր

«Թենիսի «ԱՐԱՐԱՏ» ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանն անդրադարձել է Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելուն։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Թենիսի «ԱՐԱՐԱՏ» ակումբի հարգելի հետևորդներ, մարզաձևի սիրահարներ և մարդիկ, որոնց համար «Բուրեվեստնիկ» կորտերն ինչ-որ արժեք ունեն, Հարգելիներս, Ինչպես անցած տարի, այնպես էլ 2025թ «ԱՐԱՐԱՏ» ակումբի համար սկսվեց տագնապալի լուրով:

Մայրաքաղաք Երևանի ղեկավարությունը չգնաց շատերիս համար տրամաբանական և հանրության ձայնը լսելու ճանապարհով, այլ, նախորդ տարվա պես, այս տարի ևս գործողություններ է ձեռնարկում հանրությանը մոլորեցնելու, տարատեսակ մանիպուլյացիաների ճանապարհով իրագործել քանդելու՝ Օղակաձև այգու 4-րդ գոտու ամենահին և իր բնույթով ՄԱՐԶԱԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ նշանակության օբյեկտը ՝ պատճառաբանելով, թե դա ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՈՒՆԻ:

Ի ապացույց սույն հանգամանքի՝ ներկայացնում ենք «Երևան քաղաքի Օղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծն ու հիմնավորումը:

Նաև ցանկանում ենք տեղեկացնել, որ ակումբի սեփականատեր «ԳԵՅՄ-ՍեՐՎԻՍ» ՓԲԸ կողմից ՀՀ Վարչապետի անունով ներկայացվել է անհատական հանրագիր, (PETITION) որը ևս ցանկանում ենք ներկայացնել հանրության դատին:

Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով՝ տեղեկացնում ենք, որ սկսում ենք իրազեկումների քննարկումների աշխատանքները:

Խնդրում ենք բոլորիդ, ինչպես անցած տարի՝ անմասն չմնալ և ամուր կանգնենք՝ կանխարգելելու միայն ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ այս որոշման ընդունումը»:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել էր՝ օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող, «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը կքանդվեն և կտեղափոխվեն այլ վայր։

Քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան ընկած տարածքում վերակառուցում սկսելու ու թենիսի կորտերը քանդելու մասին Կառավարության որոշման նախագիծ են պատրաստում, որով տարածքը հանրային գերակա շահ են ճանաչելու:

Ինչպես բանկի նվիրատվությունը «ստիպեց» վերակառուցել Օղակաձև զբոսայգին․ թենիսի կորտերը կտեղափոխվեն

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող, «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը կքանդվեն և կտեղափոխվեն այլ վայր․ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր վերահաստատեց վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած թենիսի կորտերի ապամոնտաժման մտադրությունը։

«Ծրագիրը, առաջին հերթին, վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին և տաղավարներին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային»,- ընդգծեց քաղաքապետը։ Ավինյանի խոսքով՝ ինքն էլ է մարզվել «Արարատ» ակումբում, և թենիսի այդ կորտերն իր ամենասիրելի վայրերից մեկն են Երևանում, սակայն վստահեցրեց՝ այստեղ հարցը ոչ թե անձնական նախասիրությունների, այլ հանրային շահի մասին է։

Եվ մինչ կսկսեն քանդման աշխատանքները, «Արարատ» ակումբին տարածք կտրամադրեն։ Թենիսի ակումբի տնօրեն Էդուարդ Սանամյանի համար այսօրվա հայտարարությունից հետո էլ շատ հարցեր առկախված են մնացել՝ ճիշտ այնպես, ինչպես քաղաքային իշխանության հետ հանդիպման և հանրային քննարկման իրենց առաջարկը։ Արդյո՞ք կհամաձայնեն այլ վայրում շարունակել գործունեությունը․ ակումբի տնօրենն առայժմ չի շտապում հնչեցնել այս հարցի պատասխանը։

Ասում է՝ գուցե նամակով դիմեն Կառավարություն։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած թենիսիստ Սամվել Հովհաննիսյանն առցանց ստորագրահավաք է սկսել՝ հաջակցություն «Արարատ» ակումբի թենիսի կորտերի։ Արդեն 600-ից ավելի քաղաքացի է միացել։ Ասում է՝ քանդել նման ժառանգությունը, որն այգուց ավելի մեծ պատմություն ունի և որտեղ հայտնիներ են մարզվել, պարզապես անթույլատրելի է։ Եթե թենիսի կորտերը ճանաչվեն գերակա շահ, ապա այդ տարածքում, քաղաքապետարանի տեղեկացմամբ, վերակառուցումը կիրականացնի ամիսներ առաջ Մարետա Գևորկյանի կողմից հիմնադրված «GreenRock Management Group» ընկերությունը։ Մարետա Գևորկյանը «Էվոկաբանկ»-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետերն է։ Իսկ «Էվոկաբանկ»-ը, հիշեցնենք, մի քանի ամիս առաջ Երևանին 254 միլիոն դրամի նվիրատվություն էր արել։ Այդ ժամանակ բանկի խորհրդի նախագահը Մարետա Գևորկյանի ամուսինը՝ Վազգեն Գևորկյանն էր, որին Ավինյանը հրապարակային շնորհակալություն էր հայտնել։

Այն ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ին ասել էր, որ բանկը նվիրատվությունն արել է, որպեսզի համայնքային սպորտդպրոց վերանորոգվի՝ առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։ «Բանկերից մեկի հիմնադիրը ուղղակի հարցրել է՝ ի՞նչ կարող եմ անել Երևան քաղաքի համար։ Հենց այնպես։ Էդպես էլ է լինում, պատկերացնում ե՞ք»,- ասել էր Տիգրան Ավինյանը։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը կարծում է, որ այստեղ կոռուպցիոն դրսևորումներ կան։ «GreenRock Management Group» ընկերության առաջարկած նախագծով բարեկարգված այգում ճեմուղիներ, շատրվաններ, սպորտային ու հեծանվային գոտիներ կլինեն, նաև սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ։ Ավագանու անդամը չի կարողանում հասկանալ սրճարանների ապամոնտաժման և նույն տարածքում այլ սրճարան կամ շինություններ կառուցելու տրամաբանությունը։ Այս ամենին, ասում է, մեկ բացատրություն կա՝ «ֆինանսական շահ»։ Այգու տասնյակ լքված սրճարաններն ապամոնտաժելուց և կանաչ տարածքները երևանցուն վերադարձնելուց առաջ քաղաքային իշխանությունն այգու վերակառուցումը որոշել է հենց կորտերից սկսել, քանի որ ըստ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի՝ սա բիզնես-նախագիծ է։ Հրապարակված նախագծի տեսանյութում էլ, ասում է, երևում է, որ բետոնապատ հատվածն ավելի շատ է, քան կանաչ տարածքները։ Բիզնես-պրոյեկտներում իր անվան շրջանառությանն Ավինյանն անդրադարձել էր ընտրություններից առաջ՝ Factor TV-ին տված հարցազրույցում։

Ի դեպ, Օղակաձև զբոսայգու վերջնամասում՝ «Ռոսիա» կինոթատրոնի դիմացի մայթին վերանորոգումից հետո վերջերս շահագործման է հանձնվել ՔՊ-ական պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Քուին բուրգեր»-ի՝ նախկինից ավելի մեծ տարածքով սննդի կետը։ Այսօր Ավինյանի խոսքից պարզ դարձավ, որ բանկի՝ համայնքին 254 միլիոն դրամ նվիրաբերելուց հետո «GreenRock Management Group» ընկերությունն Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման և բարեկարգման համար պատրաստ է 8-9 միլիոն դոլարի ներդրում անել։ Ընկերությունից այսօր առավոտյան խոստացան մեկնաբանություն տալ, սակայն աշխատանքային ժամի ավարտին մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Աննա Սալոմեն հայտնեց, որ պատրաստվում են մինչև օրվա ավարտ թեմայի վերաբերյալ հաղորդագրություն տարածել։ Նյութի հրապարակումից հետո «GreenRock Management Group» ընկերությունը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման և բարեկարգման առաջարկը քաղաքապետարանից են ստացել, ոչ թե իրենք ներկայացրել: «O4 Green Urban Hub-ի իրականացման համար ընկերությունը հայտնել էր ավելի քան 8,5 միլիոն դոլարի ներդրման իր պատրաստակամության մասին: Նախագծի հաստատման պարագայում այս միջոցները կօգտագործվեին ծրագրի նախագծման և իրագործման համար, որի նպատակն է Երևանի Օղակաձև այգու թամանյանական նախագիծը վերականգնելը և այն միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքային այգու վերածելը՝ պահպանելով բոլոր պատմամշակութային արժեք հանդիսացող կառույցները և ապահովելով շուրջօրյա սպասարկում»,- հայտնել են ընկերությունից: Միաժամանակ տեղեկացրել են, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, որևէ պայմանագիր չի կնքվել:

Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը

ա

«GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված է, որ Մարետա Գևորկյանը Շվեյցարիայի մշտական բնակիչ է, բայց ունի նաև ՀՀ քաղաքացիություն։ Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։ Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։

Ուշագրավ է, որ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։ Փաստորեն, այդ նվիրատվությունից ավելի քան կես տարի անց հայտնի է դառնում ընկերությանը առանց մրցույթի Երևանի կենտրոնում տարածք տրամադրելու մտադրության մասին։ Անդրադառնալով «GreenRock Management Group» ընկերությանը՝ նշենք, որ այն հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին՝ Մարետա Գևորկյանի կողմից Երևանին գումար փոխանցելուց շուրջ 4 ամիս առաջ։ Նշենք, որ Մարետա Գևորկյանը տիրապետում է «GreenRock Management Group» ընկերության 100 տոկոս բաժնեմասին, որի կանոնադրական կապիտալը 50 միլիոն դրամ է։ «GreenRock Management Group» միջազգային կառուցապատող ընկերությունը Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ այս ամիսների ընթացքում հիմնանորոգել է Դիլիջանի մարզահամալիրը, որի բացմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, 2023 թվականը Մարետա Գևորկյանի համար եղել է բավականին հաջողակ տարի․ նա օգոստոսի 3-ին հիմնադրել է մեկ այլ ընկերություն՝ «Ալբա Վեստե» ՍՊԸ-ն և ձեռք է բերել 2018 թվականին հիմնադրված «Բոխյան» ՍՊԸ-ն։

Թենիսի կորտերի ապամոնտաժման կամ այլ վայր տեղափոխման խնդրին Factor TV-ն անդրադարձել էր օրեր առաջ: Իսկ Բանկի և քաղաքապետարանի հարաբերություններին Factor TV-ն անդրադարձել էր ամիսներ առաջ, երբ ավագանու նախկին անդամ Էռնեստ Ավանեսովը նիստի ընթացքում ասել էր, որ Evocabank-ի` համայնքին խոշոր նվիրատվությունից հետո քաղաքապետարանից գրություններ են ուղարկվել համայնքի ենթակայությամբ գործող մարզադպրոցներ, որպեսզի աշխատավարձերը ստանան Evocabank-ի բանկային քարտով։

Աղբյուր