Սալվադորը համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված ցանկացած ազգության անխտիր բոլոր հանցագործներին

Մանրամասներ
Նայիբ Բուկելե

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի լքել է Սալվադորը՝ երկրի նախագահից համաձայնություն ստանալով ընդունելու ԱՄՆ-ից ցանկացած ազգության արտաքսվածներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում բանտարկված ամերիկացի հանցագործներին, հաղորդում է Associated Press գործակալությունը:

«Նախագահ Նայիբ Բուկելեն հավանություն է տվել աշխարհում ամենաաննախադեպ, արտասովոր, արտակարգ միգրացիոն համաձայնագրին», - նշել է Ռուբիոն երկուշաբթի ուշ երեկոյան Սան Սալվադորից դուրս Բուկելեի հետ վերջինիս լճափնյա գյուղական տանը մի քանի ժամ տևած բանակցություններից հետո:

Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը ԱՄՆ-ում կալանավորված բոլոր ազգությունների ներգաղթյալներին կուղարկի Սալվադոր, իսկ Նախագահ Նայիբ Բուկելեն նրանց կնստեցնի երկրի բանտերում:

«Նա նաև առաջարկել է նույն կերպ վարվել նաև վտանգավոր հանցագործների առումով, ովքեր ներկայում կալանքի տակ են և պատիժ են կրում Միացյալ Նահանգներում, թեև նրանք ԱՄՆ քաղաքացիներ են կամ օրինական ռեզիդենտներ»:

Ռուբիոյի ելույթից հետո ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հանրապետական ​​Թրամփի վարչակազմը չի ծրագրում արտաքսել ամերիկացիներին, սակայն Բուկելեի առաջարկը նշանակալի է անվանել: Նա հավելել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտաքսել ամերիկացի քաղաքացիներին, և նման քայլը լրջագույն իրավական խնդիրներ կստեղծի։

Պետքարտուղարությունը Սալվադորի գերբնակեցված բանտերը որակում է որպես «դաժան և վտանգավոր»: «Շատ հաստատություններում սանիտարական, խմելու ջրի, օդափոխության վիճակը, ջերմաստիճանի վերահսկումը և լուսավորությունն անհամազոր են կամ իսպառ բացակայում են»- ասված է երկրի մասին ընթացիկ տեղեկությանը նվիրված ինտերնետային էջում: