Զելենսկին մեկնաբանել է Պուտինի խոսքերը

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է 30-օրյա հրադադարի վերաբերյալ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերը, գրում է «Украинская правда»-ն։

«Մենք բոլորս Ռուսաստանից շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր լսեցինք Պուտինից՝ ի պատասխան ռազմաճակատում լռություն հաստատելու գաղափարին. նա փաստացի մերժում է պատրաստում ներկա պահին։ Պուտինն, իհարկե, վախենում է նախագահ Թրամփին ուղղակիորեն ասել, որ ցանկանում է շարունակել այս պատերազմը։ Եվ դա է պատճառը, որ Մոսկվայում լռության գաղափարը համեմում են այնպիսի նախապայմաններով, որ ընդհանրապես ոչինչ դուրս չգա, կամ հնարավորինս երկար ժամանակ ոչինչ դուրս չգա»,- հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ Պուտինն ուղղակիորեն «ոչ» չի ասում, այլ անում է այնպես, որ գործնականում միայն ձգձգում է ամեն ինչ և նորմալ որոշումներն անհնար է դարձնում։

«Մենք պայմաններ չենք դնում, որոնք ինչ-որ բան բարդացնում են: Դա անում է Ռուսաստանը։ Ինչպես միշտ ասել ենք, միակը, որը ձգձգելու է, միակը, որը ոչ կառուցողական է լինելու, Ռուսաստանն է։ Նրանց պատերազմ է պետք։ Պուտինը գողացել է տարիների խաղաղությունը և օրեցօր շարունակում է այս պատերազմը: Այժմ մենք պետք է ճնշում գործադրենք նրա վրա: Պետք է պատժամիջոցներ մտցնենք, որոնք կօգնեն։ Մենք կշարունակենք աշխատել մեր ամերիկացի գործընկերների, մեր եվրոպացի գործընկերների հետ, աշխարհում բոլորի հետ, ովքեր խաղաղություն են ցանկանում՝ ստիպելու համար Ռուսաստանին դադարեցնել պատերազմը»,- նշել է Զելենսկին։