ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսություն ունի ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ, հաջորդ քայլերի հետ կապված որոշումները կկայացվեն Մոսկվա այցելած հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի տեղեկությունների հիման վրա։
«Ես որևէ բան չեմ հայտարարի, բանակցություններ չեմ վարի հեռուստատեսությամբ։ Իհարկե, նախագահից առաջ չընկնելով, բայց մենք զգուշավոր լավատեսություն ունենք», – ասել է Ուոլցը «Fox News»-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Մոսկվա այցելած Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը շփումների վերաբերյալ տեղեկություն կբերի գնահատելու համար, որպեսզի ԱՄՆ առաջնորդը որոշի հաջորդ քայլերը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթն ավելի վաղ հայտնել էր, որ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմին «համոզելու» ստորագրել Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը։ Ինչպես ավելի ուշ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մարտի 13–ի երեկոյան Ուիթքոֆը պետք է փակ ձևաչափով հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գիշերը Ուիթքոֆի ինքնաթիռը, «Flightradar»-ի տվյալների համաձայն, լքել է Ռուսաստանը։ Այն վայրէջք է կատարել Բաքվում։
Հիշեցնենք` մարտի 11–ին Սաուդյան Արաբիայում կայացել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Զելենսկու գրասենյակը բանակցություններից հետո հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որում նշվում է` Կիևը պատրաստ է 30-օրյա հրադադար հաստատել (առաջարկը ներկայացրել է ԱՄՆ–ն), որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում Ուկրաինայի ռազմական մատակարարումները։
Մարտի 13-ին Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկին, սակայն այդ հրադադարը պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի ճգնաժամի սկզբնական պատճառները: Նրա խոսքով` ուկրաինական կողմին ձեռնտու է հրադադարի հասնել ՌԴ տարածք ներխուժած իր խմբավորման լիարժեք մեկուսացման պատճառով։ ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ուկրաինան կարող է ժամանակավոր հրադադարն օգտագործել հարկադիր մոբիլիզացիայի համար։ Պուտինը չի բացառել, որ Թրամփի հետ կարող է քննարկվել Ուկրաինայում հրադադարի գաղափարը։
0Comments