ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին: Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Թրամփին կոչ էր արել կոշտ քայլեր ձեռնարկել, եթե Մոսկվան չաջակցի Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպման ժամանակ համաձայնեցված 30-օրյա հրադադարին։
Վաշինգտոնը, Կիևը և Եվրոպան սպասում են Մոսկվայի պատասխանին հրադադարի առաջարկին, և ակնկալվում է, որ ԱՄՆ բանագնացները մինչև շաբաթվա վերջ բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հրապարակայնորեն չի ասել՝ աջակցում է կրակի անհապաղ դադարեցմանը, թե ոչ:
«Եթե Պուտինը հրաժարվի, կարծում եմ՝ կարող ենք կոշտ քայլերի հույս ունենալ։ Ես մանրամասները դեռ չգիտեմ, բայց մենք խոսում ենք պատժամիջոցների և Ուկրաինայի հզորացման մասին»,- երեքշաբթի ասել է Վլադիմիր Զելենսկին։
Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ «դրական ուղերձներ» է ստացել հրադադարի վերաբերյալ, սակայն «դրական ուղերձը ոչինչ չի նշանակում»։ Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթվա վերջին կլինի Մոսկվայում:
«Այժմ քայլը Ռուսաստանին է: Մեր մարդիկ հենց հիմա ուղևորվում են Ռուսաստան: Եվ հուսանք, որ մենք կարող ենք հրադադար ստանալ Ռուսաստանից», - ասել է Թրամփը:
Թրամփը ուղղակիորեն չի խոստացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինը չստորագրի համաձայնագիրը, բայց ասել է, որ կարող է «ֆինանսապես անել այնպիսի բաներ, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար»:
«Ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղության հասնել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
0Comments