Զինվորականները Պուտինին զեկուցել են` Կուրսկի մարզի ազատագրումը մտել է եզրափակիչ փուլ

Մանրամասներ
պուտին ֆորմա

«Հյուսիս» զորախմբավորման հրամանատարությունը ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է եզրափակիչ փուլ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկում լսել է «Հյուսիս» զորախմբավորման հրամանատարի, հրամանատարի տեղակալի զեկույցները, նրանք գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են գործողության ընթացքի մասին և հայտնել, որ Կուրսկի մարզը այնտեղ ներթափանցած զինյալներից ազատագրելու գործողությունը մտել է եզրափակիչ փուլ»,– ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը երեկ` մարտի 12-ին, խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։ Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։

Գերասիմովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը Կուրսկի մարզում մեկուսացված է, այն համակարգված ոչնչացվում է։ ՌԴ զինվորականները Կուրսկի սահմանամերձ գոտու առանձին ուղղություններում հատել են պետական սահմանն ու դուրս եկել Սումիի մարզ։

Ավելի վաղ «Հյուսիս» զորախմբավորման կազմում գործող 11-րդ առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադի պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատարը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ՌԴ դրոշը բարձրացվել է Սուջա քաղաքի կենտրոնական հրապարակում` վարչակազմի շենքի մոտ, քաղաքի կենտրոնը վերադարձվել է ՌԴ–ի վերահսկողությանը։