Նռնակներով տղամարդը ձերբակալվել է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում 28-ամյա քաղաքացին 2 նռնակով սպառնացել է պայթեցնել տունը, նրան վնասազերծել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի լուսադեմին։ Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու խնդրել մոտենալ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին։

«Ահազանգած 28-ամյա քաղաքացին` երկու նռնակ ձեռքին, պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները»,- ասված է հաղորդագրությունում։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։