Սպանության մեջ կասկածվողը փախել է․ «Հրապարակ»

Մանրամասներ
դիանա

«Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հորը պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից։ Մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող բենզալցակայանում սպանվել էր 36-ամյա Արթուր Պարոնյանը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության մեջ կասկածվողը Վաղարշապատի Բոյնի կոչվող թաղամասի բնակիչ Կարեն Բադամյանն է, մականունը` Ճապ։ Մեզ պատմեցին, որ նա շատ մտերիմ է քաղաքապետի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի հետ, եւ չբացառեցին, որ վեճի եւ սպանության պատճառը հենց քաղաքապետի ամուսնու «թեման է»։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- մեզ ասաց Վաղարշապատի բնակիչներից մեկը։

Կարեն Բադամյանը, մեր տեղեկություններով, սպանությունից հետո դիմել է փախուստի, նրան իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ,  նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ Պարոնյանը մահացել է։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Սպանությունից անցել է երկու օր, սակայն իրավապահները դեռեւս չեն կարողանում կասկածյալին հայտնաբերել: