Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ մամուլի ասուլիսում բացատրել է, թե ինչու է Ուկրաինան սատարում հրադադարի մասին ԱՄՆ-ի գաղափարը, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։
«Մեզնից ոչ ոք չի վստահում ռուսներին, մենք անցել ենք դրա միջով։ Բայց մենք չենք խաղա այն նարատիվների հետ, որոնք Ռուսաստանը տարածում է աշխարհով մեկ, թե մենք, իբր, չենք ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Ես շատ լուրջ եմ տրամադրված, և ինձ համար կարևոր է պատերազմի ավարտը։ Ուզում եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը տեսնի դա, որպեսզի ամերիկացիները տեսնեն և զգան դա: Եվ որպեսզի Եվրոպան և բոլորը միակարծիք լինեն այն հարցում, որ պետք է ամեն ինչ անել Ռուսաստանին ստիպելու՝ դադարեցնել այս պատերազմը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ այսօր ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանը ցանկանո՞ւմ է հրադադար և լռություն, թե՝ ոչ։ Ուկրաինայի նախագահը Վաշինգթոնին կոչ է արել «պահել իր խոստումը», եթե Մոսկվան չընդունի հրադադարի առաջարկը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում, Ուկրաինային ռազմական աջակցություն։
Հիշեցնենք, որ Մարտի 11-ին Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության են եկել 30-օրյա հրադադարի շուրջ և ստորագրել համաձայնագիր՝ Ուկրաինայում հանքային ռեսուրսների համատեղ շահագործման վերաբերյալ։
0Comments