Արթիկ համայնքում այսօր տեղեկություններ են տարածվել, որ համայնքապետարանը պատրաստվում է հանել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը՝ վերականգնման պատրվակով, հայտնում է «Փաստինֆոն»։
Կայքի տեղեկություններով՝ հուշարձանը պետք է ապամոնտաժվի մինչև մայիսի 9-ը` մեկ այլ վայր տեղափոխելու պատճառաբանությամբ։ Համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, սակայն, հերքել է, որ նման մտադրություն կա։
Ըստ «Փաստինֆո»-ի` դեպքի մասին ահազանգել է Քանդակագործության ազգային պարկ- թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը` նշելով, որ առավոտվա ահազանգից հետո «կրուտիտների» մեջ են մտել, բայց խնդրի առնչությամբ կա հստակ ընթացակարգ, որը խախտել որևէ մեկը չի կարող։
Նա ընդգծել է, որ ոչ համայնքապետը կամ անգամ ավագանին չեն կարող ինքնուրույն նման որոշել կայացնել և ապամոնտաժել հուշարձանը։
«Նման որոշում կարող է ընդունել կառավարությունը, բայց կառավարության որոշում չկա, եթե անգամ կառավարությունը նման որոշում կայացնի, դրանից հետո եկող կառավարությունը այդ որոշման համար իրենց դատի է տալու, ես դա հաստատ եմ ասում»,– ասել է Գևորգյանը։
Նա նաև կայքին հայտնել է, որ մտադրություն կա ապամոնտաժված հուշարձանի փոխարեն շատրվաններ սարքել, որի համար անգամ հովանավորներ են հայտնվել։
0Comments