Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի շրջանի վրա. կան զոհ և տուժածներ

Մանրամասներ
Մոսկվա անօդաչու աթս

Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել, տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Այսօր՝ առավոտյան ժամը 4-ին, անօդաչուների զանգվածային հարձակում է եղել Մոսկվայի ու Մոսկվայի շրջանի վրա։ Այս պահին հայտնի է միայն Լենինյան քաղաքային շրջանում և Դոմոդեդովոյում մեկ զոհի և երեք վիրավորի մասին»,- գրել է նա։

Վորոբյովը հայտնել է, որ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Ռամենսկի շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի վրա, որտեղ վնասվել է 19–ից 22-րդ հարկերում գտնվող առնվազն յոթ բնակարան։ Նշված բնակարաններից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանց մի մասը տեղավորվել է հարևան գիմնազիայում, մյուսներն այժմ բարեկամների մոտ են ապաստանել։

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո» օդանավակայանում։ Ավելի վաղ հաղորդվել էր ժամանակավոր սահմանափակումների մասին նաև մոսկովյան «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում։

«Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն, արդեն իսկ վերսկսել են էլեկտրագնացքների շարժը դեպի Մոսկվա, իսկ առաջիկա ժամերին ընթացքում երթևեկությունն ամբողջապես կվերականգնվի։