ԱՄՆ-ի անցումը «Ամերիկան ամենից առաջ» հայեցակարգը համահունչ է հիտլերյան ժամանակաշրջանի «Գերմանիան ամեն ինչից վեր» կարգախոսին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համար գրած իր հոդվածում։
«Իսկ «ուժի միջոցով խաղաղություն հաստատելու» վրա խաղադրույք անելը կարող է վերջնականապես թաղել դիվանագիտությունը»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովն ընդգծել է, որ նման արտահայտություններում և գաղափարական կառույցներում նույնիսկ հարգանքի ստվեր չի նշմարվում ՄԱԿ-ի կանոնադրությամբ Վաշինգտոնի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների նկատմամբ:
Ռուսաստանի արտգործնախարարը համաձայն է այն փորձագետների հետ, որոնք կարծում են, որ չի լինելու վերադարձ նախկին իրադրությանը, որը մինչև հիմա պաշտպանում էին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, քանի որ ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական պայմաններն անդառնալիորեն փոխվել են:
Սերգեյ Լավրովը ճիշտ է համարում այն կանխատեսումը, ըստ որի` ԱՄՆ-ն մի օր կհասկանա, որ պետք չէ չափազանցնել միջազգային գործերի համար պատասխանատվության գոտին, և միանգամայն ներդաշնակ կզգա իրեն որպես առաջատար պետություններից մեկը, բայց արդեն ոչ հեգեմոն:
0Comments