ԱՄՆ․ Իրանը միջուկային զենքի ստեղծումն արագացնելու միջոցներ է փնտրում. NYT

Մանրամասներ
միջուկային զենք

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ իրանցի գիտնականների «գաղտնի խումբը» միջոց է փնտրում միջուկային զենքի ստեղծումն արագացնելու համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է The New York Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ այս եզրակացությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության տվյալների վրա, որոնք ստացվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի վերջին ամիսներին, այնուհետեւ տրամադրվել են ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմին։ ԱՄՆ հետախուզական ծառայությունների տեղեկացման համաձայն՝ իրանցի «ռազմական ինժեներներն ու գիտնականները փնտրում են կարճ ճանապարհ, որը թույլ կտա իրենց միջուկային վառելիքի աճող պաշարները վերածել իրական զենքի ամիսների, այլ ոչ թե մեկ կամ մի քանի տարվա ընթացքում»:

Ինչպես նշել է պարբերականը, հարցը «գրեթե հաստատ» կքննարկվի երեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Թրամփի հանդիպման ժամանակ։

Հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքի հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը չի հետապնդում միջուկային զենք ստեղծելու նպատակ։