Մեքսիկայի նախագահն առաջարկել է ամբողջ Հյուսիսային Ամերիկան ​​վերանվանել «Մեքսիկական Ամերիկա»

Մանրամասներ
Մեքսիկա

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն առաջարկել է ամբողջ Հյուսիսային Ամերիկան ​​վերանվանել «Մեքսիկական Ամերիկա»։ Նրա առաջարկը հնչել է ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մեքսիկական ծոցը «Ամերիկյան ծոց» վերանվանելու մասին երեկվա հայտարարության։

Մեքսիկայի նախագահը հղում է արել 1607 թվականի պատմական քարտեզին, գրում է nbcnews.com-ը:

«Մեքսիկական Ամերիկա, լավ է հնչում», - կատակել է Շեյնբաումը ՝ ցույց տալով տարածաշրջանի հին քարտեզը:

Այնուհետև նա խոսքը փոխանցել է մշակույթի նախկին նախարար Խոսե Ալֆոնսո Սուարես դել Ռեալին, որն ասել է.«Փաստն այն է, որ Մեքսիկական Ամերիկան (America Mexicana) 17-րդ դարից ճանաչվել է որպես Ամերիկյան մայրցամաքի ամբողջ հյուսիսային մասի անվանում»:

Նա նաև նշել է, որ «Մեքսիկական ծոց» անվանումը ճանաչված է միջազգային հանրության կողմից:

America Mexicana անվանումը հիշատակվում է նաև Մեքսիկայի Ապացինգանի Սահմանադրության մեջ, որը մշակվել է իսպանական իշխանության դեմ անկախության շարժման ժամանակ:

Երեկ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկական ծոցը կվերանվանի «Ամերիկյան ծոց»:

«Մենք պատրաստվում ենք  Մեքսիկական ծոցի անունը դարձնել Ամերիկյան ծոց... Ինչ գեղեցիկ անուն է և շատ տեղին», - ասել էր ԱՄՆ նորընտիր նախագահը:

Մեքսիկական ծոցը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան ափերի մոտ։