Ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել այն երկրների նկատմամբ, որոնց հետ ԱՄՆ-ն ունի ամենամեծ առևտրային դեֆիցիտը, որպեսզի «հավասարեցնի խաղի կանոնները և պաշտպանի ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»:
Առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցել ցանկացող երկրների համար առանձին ավելի բարձր մաքսատուրքերի սահմանումը կասեցվել է։ Բացառություն է կազմել Չինաստանը, որը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ մաքսատուրքերի դեմ։
«Իր պատասխան գործողությունների հետևանքով Չինաստանն այժմ սպառնում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի մինչև 245%-ի չափով»,- ընդգծել է Սպիտակ տունը։
Ապրիլին Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%, իսկ նախկինում գոյություն ունեցող 20% մաքսատուրքերի հետ միասին, ընդհանուր մաքսային բեռը կազմել է 145%։ Ի պատասխան՝ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Չինաստանի իշխանությունները հրամայել են դիվանագիտական արշավ սկսել՝ խրախուսելու այլ երկրներին ընդդիմանալ ԱՄՆ մաքսատուրքերին, հաղորդում է Reuters-ը։
0Comments