Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, վտանգավոր են բոլորի համար։
«Նրանք կարող են ունենալ իրենց սեփական հարաբերությունները, բայց Ուկրաինայի հարցում առանց մեզ խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- ասել է Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում. փոխանցում է DW-ն։
Նրա խոսքով՝ նախ պետք է կայանա իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ներգրավել Ռուսաստանին։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ իր վարչակազմը արդեն քննարկումներ է վարում Մոսկվայի հետ, սակայն չի մանրամասնել՝ ովքեր են մասնակցում այդ քննարկումներին։
Զելենսկին ընդգծել է, որ իր թիմը կապի մեջ է Թրամփի շրջապատի հետ ընդհանուր մակարդակում, իսկ մոտ ապագայում սպասվում են անձնական հանդիպումներ՝ մանրամասների քննարկման համար։
Միևնույն ժամանակ, նախատեսվում էր, որ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հունվարին այցելի Կիև, սակայն այցը հետաձգվել է իրավական պատճառներով։
0Comments