ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել, որը 25%-ի մաքսատուրք է սահմանում Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների վրա և լրացուցիչ 10%-ի մաքսատուրք Չինաստանից ապրանքների համար, հայտնում է CBS News-ը։
Կանադան ժամեր անց արձագանքել է սեփական մաքսատուրքերը մտցնելով, մինչդեռ Մեքսիկան հայտարարել է, որ նույնպես պատրաստվում է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի համար:
Իր հերթին, Չինաստանի առևտրի նախարարը հայտարարել է, որ Չինաստանը կվիճարկի մաքսատուրքերը Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով՝ ընդգծելով, որ այդ քայլը լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները։
Մաքսատուրքերն ուժի մեջ են մտնում երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 12:01-ին: Թեև հրամանը սահմանում է 25%-ի մաքսատուրք Կանադայից ապրանքների համար, սակայն «էներգետիկ ռեսուրսները», ինչպիսիք են նավթն ու գազը, կենթարկվեն միայն 10% մաքսատուրքի։
Թրամփի հրամանում նշվում է, որ եթե երեք երկրներից որևէ մեկը «պատասխանի Միացյալ Նահանգներին» «ներմուծման մաքսատուրքերով» կամ «նմանատիպ միջոցներով», ապա նախագահը «կարող է մեծացնել կամ ընդլայնել սույն հրամանագրով սահմանված մաքսատուրքերի շրջանակը՝ դրանց արդյունավետությունն ապահովելու համար»։
Հրամանի ստորագրումից հետո սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ Թրամփը հայտնել է, որ հրամանը տրվել է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների ակտի համաձայն՝ «անօրինական ներգաղթյալների և մահաբեր թմրանյութերի, այդ թվում՝ ֆենտանիլի, սպառնալիքի պատճառով, որոնք սպանում են մեր քաղաքացիներին»:
Թրյուդոն, իր հերթին, շաբաթ երեկոյան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կանադան կպատասխանի 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելով «155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա», և մաքսատուրքերի առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրը:
«Դա կներառի 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների վրա անհապաղ մաքսատուրքեր՝ սկսած երեքշաբթի օրվանից, որին կհետևեն լրացուցիչ մաքսատուրքեր 125 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար 21 օրվա ընթացքում, որպեսզի կանադական ընկերությունները և մատակարարման շղթաները հնարավորություն ստանան այլընտրանքներ գտնելու համար», - ասել է Թրյուդոն:
Իսկ սոցցանցերում հրապարակած իր հայտարարության մեջ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն ասել է, որ հանձնարարել է իր էկոնոմիկայի նախարարին պատասխան պատրաստել, որը կներառի և՛ պատասխան մաքսատուրքեր, և՛ այլ միջոցներ՝ «Մեքսիկայի շահերը պաշտպանելու համար»:
0Comments