Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության, Գլխավոր շտաբի, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մեջլիսի հայազգի պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ ամյակը՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության բալանսավորման ու բալանսավորված արտաքին քաղաքականությունը և ընդգծել ՀՀ հանձնառությունը՝ դիվանագիտական երկխոսության միջոցով հասնելու տարածաշրջանային տևական կայունության ու խաղաղության:
Դեսպան Հակոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության տարածաշրջանային քաղաքականության շրջանակում առանձնահատուկ նշանակություն ունի բնական շահերի ու փոխվստահության վրա խարսխված հարաբերությունների առավել խորացումն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սևադա Շաբանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման ընթացքը, բանակի առկա մարտահրավերները, նպատակներն ու իրականացվող բարեփոխումները:
ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադրի գեներալ Մեհդի Հադիանն իր ելույթում շնորհավորել է ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձը և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն, որի շրջանակում Թեհրանն աջակցում է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը:
0Comments