Աշխատակիցների գործադուլից հետո ԶՊՄԿ– ն հրապարակել է նրանց աշխատավարձերի չափը

Մանրամասներ
ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրապարակել է ձեռնարկությունում աշխատավարձերի չափը այն բանից հետո, երբ շուրջ 200 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել ՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 31–ի առավոտից ԶՊՄԿ ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: ԶՊՄԿ ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե իր աշխատակիցների մի մասը չդադարեցնի գործադուլը։

Կոմբինատի հայտարարության մեջ նշվում է, որ անցած տարվա սեպտեմբերից ընկերությունը սկսել է աշխատավարձերի վերանայման գործընթաց՝ նպատակ ունենալով ներդնել աշխատանքի վարձատրության ինստիտուցիոնալ սկզբունքներ, վերացնել սոցիալական անհավասարությունները և ապահովել ոլորտի ստանդարտների ու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված վարձատրության թափանցիկ համակարգ։

Այսպես, ԶՊՄԿ–ում հարստացուցիչ ֆաբրիկայի Ֆլոտատորի աշխատավարձը տատանվում է 399,470-594,099 դրամի սահմաններում, փականագործներինը` 329,918-580,003 դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողները ստանում են 359,856-609,491 դրամ աշխատավարձ։

ԶՊՄԿ–ի Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամասում կոնվեյերավարները ստանում են ամսական 450,090-480,060 դրամ աշխատավարձ, իսկ էլեկտրագազաեռակցողները` 362,789-614,809 դրամ աշխատավարձ։ Նշվում է, որ ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ), սակայն միջին ամսական աշխատավարձը (ներառյալ հարկերը) 90 տոննա տեղափոխման դեպքում կազմում է 1,140,151 դրամ, 130 տոննայի դեպքում` 1,372,247 դրամ, 180 տոննա տեղափոխած աշխատակիցը ստանում է 1,672,215 դրամ աշխատավարձ։

Ընկերությունից ընդգծում են, որ բացի դրանից, ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցները (ներառյալ բանվորները) և նրանց ընտանիքի անդամները, այդ թվում՝ ծնողները, ապահովված են առողջապահական ապահովագրությամբ, իսկ այն ծախսերը, որոնք ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցում, ֆինանսավորվում են ընկերության բարեգործական հիմնադրամի կողմից։

Բոլոր աշխատակիցները կարող են օգտվել օրենքով սահմանված արձակուրդային օրերից և օգտվել արհմիության տրամադրած արտոնյալ կամ անվճար ուղեգրերից՝ Հայաստանի և տարածաշրջանի հանգստյան տներում։

Ընկերությունը փոխհատուցում է աշխատակիցների և նրանց երեխաների ուսման ծախսերը։ Աշխատակիցներին տրամադրվում է անվճար տրանսպորտ և մեկանգամյա սնունդ։

Այս ամենը հաշվի առնելով` «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և նրա աշխատակիցների մեծամասնության շահերից ելնելով՝ ընկերությունն իր իրավունքն է համարում իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության ենթարկել խախտումներ կատարողներին։

«ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատում է ավելի քան 4,600 մարդ։

Հիշեցնենք, որ 2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024 թ. ԶՊՄԿ–ն ՀՀ պետական բյուջե է վճարել է 33 մլրդ 259 մլն դրամ` որպես կառավարության շահաբաժին։

Հիշեցնենք նաև` 2021 թ. սեպտեմբերին ԶՊՄԿ մեծամասնական բաժնետեր է դարձել ռուսական «Գեոպրոմայնինգ» կորպորացիան, որը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել կոմբինատի բաժնետոմսերի 15 %–ը։