Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, ձերբակալվածների թվում է Նիկա Մելիան՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը հրաժարվեց ճանաչել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ արեց պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդների դեմ։ Նույն օրը Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Վրաստանը կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականի վերջ։ Սրանից հետո երկրում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս․ ցուցարարները պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։
0Comments