Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր նախագահ ունի։ ՀԹՖ նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը:
Փետրվարի 2-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։
Միակ թեկնածուն Վարդան Զաքարյանն էր, որն էլ միաձայն ընտրվել է ՀԹՖ նախագահ։
Ժողովի ընթացքում ձեւավորվել է նաեւ ֆեդերացիայի խորհրդի նոր կազմը՝ Գեւորգ Կարամանուկյան, Վահե Ավետիսյան, Հենրիկ Արսենյան, Լուսինե Գասպարյան, Լուսինե Թորոսյան:
ՀԹՖ-ի նախկին նախագահը գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն էր, որը ֆեդերացիան ղեկավարել է 2000 թվականից։
Վարդան Զաքարյանը ՀԱՕԿ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի որդին է, գործարար է, Ծաղկաձորի մարզաբազայի սեփականատերն է։
Լուսինե Շահբազյան
0Comments