Ոչ թե գումարի տեսքով տալ ԱՊՊԱ հատուցումը, այլ վերանորոգել մեքենան․ բյուրոյի առաջարկները

Մանրամասներ
ապպա

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում տուժած մեքենաների ապահովագրական հատուցումը ոչ թե գումարի տեսքով վճարել, այլ վերանորոգել ավտոմեքենան։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանն այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրեց ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու և կանխարգելելու համար մշակված առաջարկների փաթեթը։

«Ներկայում պատահարների հետևանքով տուժած տրանսպորտային միջոցների ավելի քան 99 տոկոսը ապահովագրական հատուցումը ստանում է գումարային տեսքով։ Վերանորոգման տարբերակի խրախուսումը հնարավորություն կտա խուսափելու շատերին հայտնի այն իրավիճակներից, երբ տրանսպորտային միջոցը վնասելուց հետո շարունակում է այդպես երթևեկել՝ առանց վերանորոգման և հանդիսանում է լրացուցիչ վտանգի աղբյուր։ Նման իրավիճակները հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կամ նույնիսկ վերացնել, որովհետև այդ տրանսպորտային միջոցները գործում են նոր պատահարներ, որ ևս մեկ անգամ հատուցում ստանան»,- նշեց բյուրոյի տնօրենը։

Եղիազարյանի խոսքով՝ վերջին տարիներին ՀՀ-ում ՃՏՊ տեղի ունենալու հավանականությունը 11 տոկոսից բարձր է, մինչդեռ, օրինակ, Եվրամիության երկրներում այս ցուցանիշը 2, նույնիսկ 3 անգամ ցածր է։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ համակարգի 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում առաջնահերթություն է սահմանել պատահարների կանխարգելումը։ Նրա խոսքով՝ նպատակը ոչ միայն պատահարների քանակի նվազեցումն է, այլև դրանց հետևանքների թեթևացումը, ինչը կհանգեցնի երթևեկության մասնակիցների անվտանգության բարձրացմանը, նաև խցանումների նվազեցմանը։

Այս նպատակով բյուրոն 3 ուղղություններով ծրագրեր է առաջարկում՝ ճանապարհային պայմանների և ենթակառուցվածքների, տրանսպորտային միջոցների վիճակի և երթևեկության մասնակիցների վարքագծի բարելավում։

Առաջարկվում է, օրինակ, քարտեզագրել ՃՏՊ-ների բարձր հաճախականություն ունեցող «սև կետերը» և տարբեր մարմինների հետ աշխատանքի միջոցով բացահայտել պատահարների հիմնական պատճառները, փորձել արդյունավետ լուծման ուղիներ գտնել։

Տրանսպորտային միջոցների վիճակի հետ կապված բյուրոն առաջարկում է փոփոխել և բարելավել ավտոմեքենաների տեխզննման պայմանները, օրինակ, դա իրականացնել ապահովագրական ընկերությունների վերահսկողության ներքո։ Ինչպես նաև որոշակի կարգ մշակել՝ հին ավտոմեքենաների մուտքը ՀՀ նվազեցնելու և փոխարենը նոր մեքենաների մուտքը խրախուսելու համար։

Ինչ վերաբերում է երթևեկության մասնակիցների վարքագծին, օրինակ՝ առաջարկվում է ապահովագրական սակագների հաշվարկում ներառել վարչական իրավախախտումների մասին տեղեկատվությունը, որը լրացուցիչ զսպող հանգամանք կարող է լինել վարորդների համար օրինակելի վարքագիծ դրսևորելու նպատակով։ Իսկ օրինակելի վարորդներին կարելի է խրախուսել, օրինակ, սակագնային զեղչերի միջոցով։

Եղիազարյանի կարծիքով՝ ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցություն, ինչպես նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ։ Ուստի առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ, որում ներառված կլինեն ՀՀ ներքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ապահովագրական ընկերությունների և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։