ՌԴ սահմանապահ զորքերի մեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը նշված վայրից ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին:

 Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը:

 Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում: