Հայաստանի առաջնությունում փորձելու եմ գրանցել այնպիսի արդյունք, որն ինձ համար կապահովի միանգամից մի քանի շատ մեծ մրցաշարերի ուղեգիր:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայից ասաց Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:
Հունիսի 28-ին Ֆրանսիայի Արտուա քաղաքում տեղի ունեցած աթլետիկայի «International meeting de l'Artois» մրցաշարում Հայաստանի առաջատար եռացատկորդը բրոնզե մեդալ է նվաճել:
«Ցատկեցի 16.53 մետր եւ գրավեցի երրորդ տեղը: Արդյունքիցս դժգոհ չեմ: Բայց կարող էի ավելին, եթե ինքնազգացողությունս լավ լիներ: Մրցաշարին մասնակցում էր 17 երկիր:
Այժմ վերադառնում եմ Հայաստան եւ կրկին մեծ ուժով պատրաստվելու եմ Հայաստանի առաջնությանը: Առաջիկա առաջնությունն ինձ համար շատ կարեւոր է եւ առանձնահատուկ: Նպատակ ունեմ արձանագրելու շատ բարձր արդյունք, որն ինձ միանգամից մի քանի շատ մեծ մրցաշարերի ուղեգիր կապահովի... Անկեղծ ասած՝ դժվար է լինելու, բայց ես մինչև վերջ աշխատելու եմ։ Անելու եմ անհնարինն ու հնարավորը:
Հայաստանի առաջնության ավարտից հետո, հաջորդ օրը կմեկնեմ Նեապոլ, որտեղ մասնակցելու եմ Համաշխարհային ուսանողական խաղերին»,- ասաց Լեւոն Աղասյանը:
Ունիվերսիադայի աթլետիկայի մրցաշարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Լեւոն Աղասյան (եռացատկ) եւ Երվանդ Մկրտչյան (1500 մ վազք): Ունիվերսիադան անցկացվելու է հուլիսի 3-14-ը Իտալիայի Նեապոլ քաղաքում: Հայաստանի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 5-6-ը Արտաշատում:
0Comments