ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաները միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագորեն կհաստատի կարգուկանոն, եվրոպական էլիտաները «տիրոջ ոտքի մոտ կմնան»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի այնտեղ։ Եվ նրանք բոլորը (կտեսնեք` դա տեղի կունենա շուտով) տիրոջ ոտքի մոտ կանգնած թեթևակի պոչիկն են շարժելու»,-Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, ասել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, և նրանք հաճույքով կատարում էին Վաշինգտոնի ցանկացած հրաման: Թրամփն այլ պատկերացումներ ունի լավի ու վատի մասին։ Այդ էլիտաները, ըստ Ռուսաստանի առաջնորդի, միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։
«Պարզապես նրանց (եվրոպական էլիտաներին՝ խմբ.) Թրամփը դուր չի գալիս, նրանք ակտիվորեն պայքարում էին նրա դեմ, իրոք միջամտում էին Միացյալ Նահանգների քաղաքական կյանքին ու նախընտրական գործընթացին, իսկ հետո շփոթվեցին, երբ Թրամփը հանկարծ հաղթեց։ Եվ հետո Բայդենի բնույթը նրանց ավելի էր դուր գալիս, հասկանո՞ւմ եք` բնույթը»,-ասել է Պուտինը։
Ընդ որում, ՌԴ նախագահը «քաղաքական ոչնչություն» է անվանել եվրոպական էլիտաներին, որոնք արգելում են այլընտրանքային քաղաքական գաղափարները:
«Երբեմն նույնիսկ զարմանքով ես նայում տեղի ունեցող դեպքերին։ Չգիտեմ, ինչ-որ մարդիկ են, որ և՛ կրթություն չունեն, և՛ ակնհայտորեն ոչ իրենց գործով են զբաղվում, որով կյանքում չեն զբաղվել։ Եվրոպական երկրների քաղաքացիների շահերի տեսանկյունից դա իրոք դժբախտություն է։ Ուղղակի քաղաքական մանրուք են»,-ասել է Պուտինը։
0Comments