Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում

Մանրամասներ
պանդեմիա

Աշխարհը վաղ թե ուշ կբախվի նոր համավարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։ Նրա խոսքով՝ դա «տեսական ռիսկ չէ, այլ համաճարակաբանական որոշակիություն», գրում է kommersant.ru-ն:

Նա այս հարցը բարձրացրել է Միջկառավարական բանակցային մարմնի 13-րդ նիստում, որը համաձայնագիր է պատրաստում համավարակի կանխարգելման վերաբերյալ։

Ղեբրեյեսուսը հիշեցրել է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ աշխարհում պաշտոնապես մահացել է 7 միլիոն մարդ, թեև ԱՀԿ-ն զոհերի թիվը գնահատում է 20 միլիոն։ Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ համավարակը «ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս է հացրել համաշխարհային տնտեսությանը»։

Նա համոզված է, որ հաջորդ համավարակը կարող է սկսվել «20 կամ ավելի տարի հետո, իսկ գուցե նույնիսկ վաղը»։

«Դա տեղի է ունենալու, և ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք», - ասել է Ղեբրեյեսուսը:

Համավարակների դեմ պայքարի համաձայնագրի վրա աշխատանքները շարունակվում են 2021 թվականի դեկտեմբերից: ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել աշխարհի երկրներին ներգրավվածություն ցուցաբերել փաստաթղթի ստորագրմանը:

2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում թոքաբորբի բռնկման մասին։ 2020 թվականի մարտին ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը COVID-19-ը հայտարարել է համավարակ՝ վիրուսի արագ տարածման պատճառով։ ԱՀԿ-ն համավարակի ավարտի մասին հայտարարել է 2023 թվականի մայիսին: 2025 թվականի փետրվարին Չինաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուս, որը կարող է վարակիչ լինել մարդկանց համար: