Ներկայում Ռուսաստանի Դաշնության տարածքում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։
Նա մանրամասնել է, որ 670 հազար մարդկանցից կեսից ավելին կանայք ու երեխաներ են։
Ըստ Գորովոյի, այս թվով մարդիկ գտնվում են Ռուսաստանի տարածքում ապօրինի կերպով, սակայն 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն կապ հաստատել համապատասխան գերատեսչությունների և ներքին գործերի մարմինների հետ՝ լուծելու իրենց իրավական կարգավիճակի հարցը։
«Մեր հատուկ հաշվառումները ստուգելուց և հասարակական կարգին սպառնացող իրավախախտումների բացակայությունը գնահատելուց հետո մենք կկարգավորենք այդ օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը։ Եթե ոչ, ապա նրանք պարտավոր են լքել երկիրը»,- հավելել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը։
0Comments