Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները քաղաքականից բացի ունեն նաև իրավական հիմք, ըստ որի սահմանափակումների վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել միաձայն քվեարկությամբ: Այս մասին մարտի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը:
«Քաղաքական ասպեկտն այն է, որ ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ահա, թե ինչու ենք օգտագործում մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցների 16 փաթեթները: Մենք աշխատում ենք նոր փաթեթի վրա: Նաև մեծացնում ենք Ուկրաինային աջակցությունը զինամթերքով և հակաօդային պաշտպանության միջոցներով»,- նշել է նա:
Անդրադառնալով պատժամիջոցների իրավական կողմին՝ Հիպերն ընդգծել է, որ դրանց չեղարկման համար պահանջվում է Եվրամիության խորհրդի միաձայն որոշումը:
Հիպերը նաև նշել է, որ իրենք ցանկանում են արդար և ամուր խաղաղություն, և աջակցում են այդ նպատակին հասցնող ցանկացած բանակցության:
Նրան հարցրել էին, թե Բրյուսելն ինչպես է վերաբերվում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համատեքստում Ռուսաստանի ձևակերպած պահանջին՝ պարենային ապրանքների առևտրի սահմանափակումը չեղարկելու և SWIFT համակարգին հասանելիությունը վերականգնելու վերաբերյալ:
Մարտի 27-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է Ռոսսելխոզբանկի նկատմամբ պատժամիջոցների վերացում և SWIFT համակարգին հասանելիության ապահովում:
0Comments