ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Ուկրաինայի նախագահին մեղադրել է անշնորհակալ լինելու և ամերիկյան վարչակազմի դեմ ագրեսիվ կեցվածքի համար։ Դրան ի պատասխան Վլադիմիր Զելենսկին հայհոյել է։
Լրագրողների ներկայությամբ անցկացվող զրույցի ընթացքում Վենսը մասնավորապես մեղադրել է Զելենսկուն, որ նա նախընտրական քարոզարշավի ընթացքում Փենսիլվանիայում քարոզչություն է իրականացրել Թրամփի հակառակորդի համար:
«Երախտագիտության մի քանի խոսք ասեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և այն նախագահին, որը փորձում է փրկել ձեր երկիրը», - ասել է Վենսը:
Նա նաև Ուկրաինայի նախագահին կոչ է արել տարաձայնությունները հարթել օրինական ճանապարհով և չփորձել հարցերը լուծել ամերիկյան ԶԼՄ-ների միջոցով, այն դեպքում, երբ ինքը սխալ է։
«Մենք գիտենք, որ դուք սխալ եք»,- ասել է Վենսը:
Վենսը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար պետք է խոսել երկու կողմերի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի պատասխան Զելենսկին հայտարարել է, որ Պուտինին չի կարելի վստահել, և նրա հետ ընդհանրապես ոչինչ չի կարելի պայմանավորվել։
Ամերիկացի փոխնախագահն ընդգծել է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի ճակատում, բավարար մարդիկ չկան, և պետք է ավարտել պատերազմը։ Զելենսկին բավականին կոպիտ պատասխանել է, որ Վենսն Ուկրաինայում չի եղել, ուստի չի կարող իմանալ, թե ինչն է պակասում, ինչը՝ ոչ։
«Ես իրականում տեսել եմ առցանց և տեսել եմ, որ մարդիկ գալիս են ձեզ մոտ քարոզչական շրջագայությունների։ Համաձայն չե՞ք, որ զորակոչի հետ կապված խնդիրներ ունեք: Դուք եկել եք ԱՄՆ–ի Օվալաձև գրասենյակ և հարձակվում եք վարչակազմի վրա, որը փորձում է կանխել ձեր երկրի կործանումը»,- հայտարարել է Վենսը։
Լրագրողները լսել են, որ այդ պահին Զելենսկին քթի տակ հայհոյել է։
Վենսի հետ լեզվակռվից հետո բարձր տոնով շարունակվող խոսակցությանը միջամտել է Թրամփը։
Հիշեցնենք` Թրամփի և Զելենսկու շփումն այսօր շատ թեժ է անցել։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Զելենսկին նախատեսվածից շուտ լքել Է Սպիտակ տունը, իսկ առաջնորդների համատեղ ասուլիսը չեղարկվել է։
Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ–ի միջնորդությամբ: Նա Ուկրաինայի նախագահի պահվածքն անհարգալից է անվանել՝ նշելով, որ Զելենսկին կարող է Սպիտակ տուն վերադառնալ, երբ պատրաստ լինի խաղաղության։
0Comments