«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՀունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ պաշտոնյաների ու պատգամավորների փակ լսումներից հետո հայտարարվեց, որ մեկ ամիս հետո նույն ֆորմատով կրկին հանդիպում կլինի։ Մեկ ամիսը լրանում է, սակայն հաջորդ հանդիպման մասին լուր չկա։ Պատճառը, ըստ լուրերի, այն է, որ իշխանություններին չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ մասունքների փոխանակման հարցում։ Փակ քննարկումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում: Հանձնաժողովները ղեկավարում են 2 երկրների ԱԱԾ ղեկավարները:
Ըստ տեղեկությունների՝ Արմեն Աբազյանին չի հաջողվել համոզել ադրբեջանցի պաշտոնյաներին, որ համագործակցեն, հետեւաբար, անհետ կորածների հարազատներին նոր ասելիք չկա, այդ պատճառով էլ ձգձգվում է հանդիպումը։ Նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, չթաքցրեց, որ մասունքները գտնվում են Ադրբեջանում, ասաց, որ ԱԺ քննարկման ժամանակ խոսվել է ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածի կամ զոհվածի մահվան հանգամանքները. «Մոտավորապես 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի, աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է»»։
0Comments