Ինչպե՞ս են այստեղ վարձով ապրում առհասարակ. ռուս մասնագետը` գործընկերների հեռանալու մասին

Մանրամասներ
տուրիստ զբոսաշրջիկ

Հայաստանից, մոտավոր հաշվարկներով, 2024 թվականին հեռացել է 2022-2023 թվականներին ժամանած ռուսաստանցիների 20-30 տոկոսը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց EasyData ՏՏ ընկերության նախագծի մենեջեր Անդրեյ Կուզմինը։

«Այս գնահատականը մեծ ճշգրտության չի հավակնում. ես կարող եմ դատել միայն իմ շփման շրջանակից»,-հստակեցրել է նա:

Անդրեյն ինքը Երևանը շատ է սիրում և որոշել է երկար մնալ այստեղ։ Բայց նրա ծանոթներից ոմանք, որոնք ավելի շուտ էին եկել, արդեն մեկնել են։ Ոմանք վերադարձել են տուն` Ռուսաստան, ոմանք էլ` երրորդ երկրներ։

Մի մասը ոչ ստանդարտ պատճառներով են հեռացել։ Օրինակ` Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ամերիկյան ՏՏ ընկերություններից մեկն աշխատանքից ազատել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բոլոր աշխատակիցներին։ Պաշտոնապես նրանք կարող էին տեղավորվել տեղական ընկերություններում, բայց, ըստ Անդրեյի դիտարկումների, այստեղ աշխատավարձերի միջին մակարդակը ցածր է (թեև տարածաշրջանային չափանիշներով այն բարձր է համարվում):

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են պատրաստ համակերպվել եկամտի կորստի հետ` հատկապես հաշվի առնելով վարձակալության բարձր գինը: Երևանում բնակարանների գները մոտեցել են Մոսկվայի գներին և 2-3 անգամ գերազանցում են մեր զրուցակցի ծննդավայր Նովոսիբիրսկի գները։

Պետք է նշել, որ ուրիշներն էլ այլ դրդապատճառներ են ունեցել: Ոմանք ընտրել են Սերբիան` կարծելով, որ Եվրոպայում ավելի հեշտ է համագործակցել արևմտյան ընկերությունների հետ։ Գուցե դա սուբյեկտիվ կարծիք է, բայց փաստն այն է, որ բնակարանները, պարզվում է, այնտեղ ավելի մատչելի են։ Անդրեյի խոսքով` իր ծանոթներից ոմանք կարողացել են Բելգրադում տուն ձեռք բերել այն գումարով, որը Երեւանում չէր բավականացնի նույնիսկ ծայրամասում գտնվող բնակարանի համար։

Ուրիշներն էլ լքել են երկիրը աշխատանքի հետ կապված դժվարությունների պատճառով։ Անդրեյը նկատում է, որ նույնիսկ Մոսկվայում, չնայած բարձր գներին, մատչելի բնակարաններն ավելի շատ են, քան Երևանում։

«Իսկ Նովոսիբիրսկի դեպքում` այն գումարով, որով այնտեղ երեք սենյականոց բնակարան կվարձես, Երևանում նույնիսկ մի սենյականոց չես գտնի։ Չեմ պատկերացնում, թե տեղացիներն ինչպես են վարձով ապրում»,-ասում է նա։

Այնուամենայնիվ, Անդրեյը որոշել է մնալ Հայաստանում և ընտանիքի հետ տեղափոխվել է այստեղ: Նա կնոջ և ուսանող որդու հետ միասին հայերեն է սովորում։ Անդրեյի ընկերությունը բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամ է, և նա փորձում է տեղացի մասնագետների ներգրավել։

Պարզվում է` Հայաստանում կադրեր գտնելը նույնպես ավելի դժվար է, քան Ռուսաստանում։ Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է...