Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հետևանքով 2025թ–ի փետրվարին կանխիկի շրջանառությունը ՀՀ–ում ավելացել է 22 մլրդ դրամով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Ըստ կառավարության որոշման՝ սոցիալական ծախս կատարած համընդհանուր հայտարարագիր ներկայացնող անձը ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։
«Մարդը, ով իր հաշվին ունի գումար, ընդ որում` օրինական, աշխատավարձ է ստացել, որից հարկ է վճարում, եթե նախկինում իր ընտանիքի անդամին, երեխային, ծնողին այդ գումարից փոխանցումներ էր կատարում, հիմա մտածում է` շառից–փորձանքից հեռու, սկսում է անկանխիկ գործարքներից խուսափել, որովհետև վստահ չէ, որ վաղը ինչ–որ բան չի փոխվելու։ Հիմա ասել են 300 000–ն է շեմը, վաղը կարող է ասեն, չէ, կատակ էինք արել, եկեք, հայտարարագրեք։ Մարդիկ նույնիսկ խանութում են սկսել կանխիկ առևտւր անել, որովհետև վախենում են, որովհետև իշխանություններին չեն վստահում»,– պարզաբանում է նախկին նախարարը։
Մեսրոպ Առաքելյանը հիշեցնում է, որ իրականում հայտարարագրման նպատակը, հակառակը` ստվերային շրջանառությունը, հետևաբար նաև կանխիկ գործարքները կրճատելն էր։ Իշխանությունն այսօր էլ նշում է, որ հայտարարագիր ներկայացնելը անհրաժեշտ է սոցիալական աջակցությունը հասցեական դարձնելու, թաքնված եկամուտները ստվերից հանելու ու հարկային դաշտ բերելու համար։
«Երբ անընդհատ փոփոխություններ են անում, մի պաշտոնյան մի բան է ասում, մյուսը` այլ բան, մարդը փորձում է ինքն իրեն ապահովագրել հնարավոր ռիսկերից, ասում է` ավելի լավ է բանկերի հետ գործ չունենամ, իմ փողը կանխիկացնեմ, կանխիկ ծախսեմ»,– նկատում է մեր զրուցակիցը` հավելելով, որ հանրության կորսված վստահությունը հետո շատ ավելի դժվար է լինելու վերականգնել։ Դրանից իր հերթին տուժելու է նաև բանկային համակարգը, որը Հայաստանում ամենակայացած ու վստահելի ոլորտներից է համարվում։
Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` եթե մարդը մտադիր է ստվերում մնալ, չարաշահում անել, ոչ մի հայտարարագրման համակարգ ի զորու չէ փոխել նրա վարքագիծը։ Ցանկացած նոր օրենքի դեպքում մարդը մտածելու է դրանից խուսափելու, օրենքը շրջանցելու մասին։
«Եթե մարդը որոշել է հարկ չմուծել, շատ քիչ է հավանականությունը այդ մարդուն բռնելու։ Բայց գնալ այդ մի մարդու հետևից ու ամբողջ հասարակությանը կանգնեցնել խնդրի առաջ, նույնն է, թե հացի դանակ չվաճառել, որովհետև դրանով կարելի է մարդ սպանել։ Հիմա ՀՀ 2.3 մլն չափահաս բնակչությանը ասում են` եկեք, հայտարարագիր լրացրեք, գրեք, որ այլ եկամուտներ չունեք, որպեսզի դրանց մեջ գուցե 1-2 չարաշահողի գտնեն»,– նշում է Առաքելյանը։
Խոսելով հայտարարագիր ներկայացնող քաղաքացիների համար կառավարության սահմանած սոցիալական կրեդիտների վերադարձի մասին` Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ հիշյալ փոխհատուցումները ինքնանպատակ են և որևէ աղերս չունեն սոցիալական արդարության սկզբունքի հետ։
«Ստացվում է` այդ փոխհատուցումներից օգտվում են մարդիկ, ովքեր ունեն եկամուտ, վճարում են հարկեր։ Իսկ այն մարդիկ, ովքեր ավելի խոցելի են, ովքեր դրա կարիքն ավելի ունեն, ոչինչ չեն ստանում։ Մինչդեռ կրթության ու առողջապահության ոլորտում պետական ֆինանսավորում պետք է ստանան հատկապես խոցելի խմբերը։ Հիմա այս համակարգն ասում է` դուք աշխատավարձ եք ստանում, լավ եք ապրում, եկեք ձեր երեխայի ուսման վարձի մի մասը ձեզ վերադարձնեմ։ Բայց մարդը, ով գյուղում է ապրում, գյուղատնտեսությամբ է զբաղվում և դեռ շրջանառության հարկ էլ վճարում է պետությանը, այս ծրագրից չի օգտվելու։ Մարդը, որը տաքսի է վարում, որ իր երեխան կրթություն ստանա, ոչ մի արտոնություն չի ստանալու»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Նրա համոզմամբ` քաղաքացու հարկ վճարելու չափանիշը չի կարող արտոնություն ստանալու հիմք համարվել, հատկապես որ ՀՀ–ում կան մինչև մի քանի միլիոն աշխատավարձ ստացող մի քանի տասնյակ հարկատուներ, բայց կան նաև հազարավոր հարկատուներ, ովքեր նվազագույն աշխատավարձ են ստանում։
Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ` համընդհանուր հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի։ Այդ նպատակով «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել` համակարգի նկատմամբ հանրության դժգոհությունը օրենսդրորեն ամրագրելու համար։
0Comments