Քրդական ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչը՝ լուծարել Քուրդիստանի բանվորական կուսակցությունը եւ և զենքը վայր դնել, անմիջական կապ ունի նաև Հայաստանի հետ, Հայաստանի անվտանգային հարցերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Թուրքիան լուծելով Քուրդիստանի բանվորական կուսակցության բոլոր հարցերը, այսինքն ռազմական մի հսկայական ներուժ ուղղորդելու է այլ տարածաշրջաններ, այսինքն դեպի Հայաստանի կողմ, դեպի այլ կողմեր: Սրանով մեզ համար լուրջ վտանգները ավելի շատանում են Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից»,-ասաց նա:
Հարցին՝ ինչու հենց հիմա դա տեղի ունեցավ, Իսպիրյանը պատասխանեց. «Թուրքիան գրեթե 40 տարի պայքարում է PKK-ի դեմ, որը ռազմականացված շարժում է։ Այս տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զոհեր են եղել, սպանվածներ, թե՛ խաղաղ բնակչություն, թե՛ թուրք զինվորականների մեջ: Մի քանի անգամ փորձ է եղել Աբդուլլա Օջալանի միջոցով, տարբեր կոչերով դուրս գալ այդ ռազմական պայքարից և շարունակել քաղաքական պայքարը, սակայն տարբեր պատճառներով այդ գործընթացները վիժեցվել են: Եվ հիմա եկավ մի պահ, և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները ստիպեցին Թուրքիային այնպես անել, որպեսզի Օջալյանը հանդես գա այդ հայտարարությամբ:
Իշխանությունների գործուն մասնակցությամբ և միջնորդությամբ Թուրքիայի խորհրդարանում քրդական ժողովուրդների հավասարության, ժողովրդավարական կուսակցության պատվիրակները այցելել են Իմրալը կղզի, որտեղ պահվում է ցմահ դատապարտվա Օջալյանը, և եկել են համաձայնության մի տեքստի շուրջ, որն էլ հրապարակվեց: Իմիջիայլոց, շատ պարզ երևում է, որ պետության մատը խառն է այդ տեքստի կազմմանը, նույնիսկ արտահոսքեր են եղել, որ տողերն են հանվել այդ տեքստից, որը պետությունը չի ցանկացել, որ լինի»:
Թուրքագետի խոսքով, այս քայլի պատճառներից մեկն այն է, որ Թուրքիան ուզում է խորհրդարանում ստանալ քրդամետ ուժի աջակցությունը՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար, որը Էրդողանին անհրաժեշտ են 2028 թվականից հետո նորից վերընտրվելու և նախագահ մնալու համար:
«Էրդողանը կարիք ունի իմիջի բարձրացման, նաև քրդական կուսակցության կողմից ձայների կարիքը ունի:
Թուրքիայում էլ լավ հասկանում են, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությունը ոչ միայն ինքը իրենով է գործում Թուրքիայի դեմ, այլ նաև ուղղորդվում է տարբեր գերտերությունների կողմից։ Սա է հիմնական խնդիրը, որ ինքը դեռ շարունակում է գոյատևել, թե՛ Արևմուտքից, թե՛ Արևելքից, թե՛ մեր արևելքից ուղղորդվում է այս շարժումը»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք PKK_ի զինյալները ականջալուր կլինեն Օջալանին եւ վայր կդնեն զենքը, Իսպիրյանն ասաց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ PKK-ի անդամները պետք է վստահ լինեն, որ դրանից հետո լինելու են ներումներ, ակտիվիստների ազատ արձակումներ, որպեսզի նրանք ինտեգրվեն երկրի քաղաքական կյանքին: «Այս ամենը կարող է ամեն պահի վիժեցվել վիժեցվել ինչ-ինչ պատճառներով, թեկուզ և դրսից ուղղորդվող ուժերի հրահանգով»:
0Comments