«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ArmeniaDaily.am–ին տված հարցազրույցում անդրադարձել է պարգևավճարների թեմային:
Պատգամավորի խոսքով՝ այս թեման հանրային մեծ հնչեղություն ստացավ այն պատճառով, քանի որ նոր եկած իշխանությունից հանրությունն ունի մեծ սպասելիքներ և աղքատության մեծ ցուցանիշ ունեցող երկրում, որևէ գերատեսչության ղեկավարի կամ նրա ենթակաների մեծ թվով պարգևավճարների ստացումը համարվում է ոչ բարոյական:
«Այդ պաշտոնյաները, որոնք պարգևատրվել են և պարգևատրել են, չեն ներկայացրել որևէ աշխատանքի արդյունք, որպեսզի դա հանրության համար տեսանելի լիներ և հարց չառաջանար արդյո՞ք այս պաշտոնյան կամ նրա ենթական արժանի էին այդ պարգևավճարներին: Հարցի մյուս կողմն այն է, որ այդ պարգևավճաները երբեմն տրվել են օրենքի խախտումներով»,-ասաց նա:
Անի Սամսոնյանի խոսքով՝ պարգևավճարը խրախուսման միջոց է և պարգևավճաներ պետք է լինեն, սակայն դրանք չպիտի կրեն պարբերական բնույթ, որպեսզի այդ պարգևատման ինստիտուտն էլ չվարկաբեկվի:
Պատգամավորի համոզմամբ պետական համակարգում կա աշխատողների աշխատավարձերի բարձրացման խնդիր և այն պետք է մրցունակ լինի մասնավորի հետ, սակայն դա չպետք է լինի պարգևավճարների հաշվին, այլ պետք է լինի համակարգի օտիմալացման, արդյունավետության բարձրացման և աշխատավարձերի բարձրացման արդյունք:
«Այն անձը, որը կդիմի աշխատելու պետական համակարգում կամ կունենա մոտիվացիա աշխատելու, կամ այն անձինք, որոնք արդեն իսկ աշխատում են, նրանք իրենց աշխատանքը գնահատելու են աշխատավարձով ու չեն մնալու որևէ պաշտոնիայի բարի կամքի ներքո և մտածեն՝ ստանալու են պարգևավճար, թե ոչ»,-նշեց պատգամավորը:
Վերջում Անի Սամսոնյանը հավելեց, որ գերատեսչությունների ղեկավարները պարտադիր պետք է հրապարակեն պարգևավճարների ցանկը, քանի որ դրանց չհրապարակումը դեմ է թափանցիկ աշխատելաոճին:
0Comments