Hraparak.am-ի հարցազրույցը լրագրող, ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ՝ լրագրող, ներկայումս ՀՀ պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարուհի Մեջլումյանի հետ․
-Տիկին Մեջլումյան, Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման հետ կապված համացանցում իսկական պատերազմ է, մարդիկ խմբերի են բաժանվել, ստորագրահավաք ընդդեմ Ենոքյանի ազատ արձակման, հայտնվել են սպանված Իոսիֆ Աղաջանովի սպանության բացառիկ կադրեր և այլն։
-Ես ուղղակի զարմացած եմ, որովհետև որևէ տեղեկատվություն չկա, կա ուղղակի մեղադրանք ինձ հետ կապված, իմ կողմից հնարավոր ճնշման․․․ ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս կարող է մեկը ճնշում գործադրել, երբ ինքը չգիտի արդյունքը։ Ես արդյունքի մասին, որ հնարավոր է՝ ինչ-որ արդյունք կա, որ հնարավոր է այդ կոլեգիալ մարմինը, որը մեկ անձ չէ, մոտավորապես 15 անձից բաղկացած ներման հանձնաժողով է, ինչ-որ որոշում է ընդունել, ես չեմ իմացել որևէ բան։ Մինչ օրս չունեմ որևէ տեղեկատվություն, և Մհերը չունի որևէ տեղեկատվություն, Մհերի մայրը։ Բայց ես, փաստորեն, ինչ-որ «ինչ-որ ազդեցություն եմ ունեցել»․․․ թող դրա մասին վկայող որևէ փաստ, որևէ ապացույց բերեն։ Եվ միայն այն փաստը, որ ես Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, դեռևս որևէ մեկին հիմք չի տալիս ասելու, որ դա հանցակազմ է։ Նույն հաջողությամբ, «Հետքում» աշխատում էի որպես լրագրող, դա էլ են դիտում հանցակազմ, երբ Սլավոնական համալսարանում դասավանդում եմ, դա էլ են հանցակազմ դիտարկում, և ես որտեղ աշխատեմ, բնականաբար, ինչ-որ հետք են տեսնելու։ Ես լրագրող եմ, ես իրավաբան եմ, ես հասարակության անդամ եմ և որևէ տեղ ես պետք է աշխատեմ։
-Տեղյակ ե՞ք՝ Ներման հանձնաժողովի նիստը եղել է՞, երբ։
-Ես չգիտեմ։ Էդ իրենք գիտեն, մենք իրենց արձագանքից ենք սկսել ենթադրել, որ միգուցե այդտեղ ինչ-որ բան է կատարվում, իրենց ֆեյսբուքյան գրառումից։
-Կոնկրետ ու՞մ։
- Աղաջանովի առաջին գրառումը․․․ մենք այդ ժամանակ ենք սկսել ինչ-որ ձևով հասկանալ, որ ինչ-որ բան է քննարկվել, բայց մենք չունենք էդ տեղեկատվությունը, այն միայն ու միայն իրենց կողմից է, միայն ու միայն շահարկվում է այդ մարդկանց վիշտը, օգտագործվում է քաղաքական նպատակներով, հակահեղափոխական ինչ-որ խրախճանքի են վերածել, «ֆեյքերի» ինչ-որ խմբեր են ստեղծվել։ Մեզ ընդամենը զանգահարել է Ջուլիետա Ամիրխանյանը, որը 22 տարի առաջ միակ լրագրողն էր հանգամանալից լուսաբանել է ամենը և մինչ օրս ասում է, որ իր համոզմունքը չի փոխվել։
-Որ Մհերը մեղավոր չէ՞։
Այո։ Եվ ասաց՝ գիտես, ինձ զանգահարել են և ասել, որ գումարի դիմաց պատվիրված հաղորդում պատրաստեմ, որովհետև տուժող կողմն ինչ-ինչ մտահոգություններ ունի, որ Մհերին հնարավոր է՝ բաց թողնեն։ Սա անօրինական է, սա Ներման հանձնաժողովի կողմից օրենքից վեր, օրենքից դուրս որևէ լիազորություն չունենալով, գաղտնի ռեժիմի խախտում է, որը անդառնալի հետևանք կարող է ունենալ և հանրության վրա ազդեցության տեսքով, և վարչապետի կամ Նախագահի որոշման վրա ազդելու։
Տուժող կողմը, ըստ ներման մասին օրենքի՝ չի կարող իրազեկվել, և սա միայն ու միայն պետության մարդասիրական վերաբերմունքն է 20 և ավելի տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալների նկատմամբ։ Օրենքը տալիս է այդ հնարավորությունը։ Ես ուզում եմ, որ մենք գնանք իրավական ճանապարհով, մեր բոլոր փորձերը՝գնալու իրավական ճանապարհով, միշտ հանդիպել են արգելանքի․ 4 անգամ վիճարկվել է դատավճիռը, ցույց տվեք մեկ այլ դատապարտյալի, որն այդքան ինտենսիվ պայքարել է իր գործի վերաբացման համար, մենք պայմանական վաղաժամկետի հետ կապված բազում խնդիրներ ենք բարձրացրել։ Մենք իրավական բոլոր մեթոդներով անցել ենք, և իվերջո, մարդն ով 23 տարի պատիժ է կրում, ունի նաև իրավունքներ սահմանադրական՝ սիրելու և սիրվելու իրավունք, ուսում ստանալու, ներման, գործի վերաբացման, անձնական կյանքի։ Սրանք սահմանադրական իրավունքներ են։ Եվ մենք օգտագործելով այդ իրավունքները, ինչպես միշտ, հանդիպում ենք 22 տարի առաջվա մեթոդներին․ ճնշում դատարանի վրա, ամբողջ քրեական գործը, 1․5 հատոր ստորագրություններ են, է հիմա թող Արմեն Մուրադյանը ստորագրի, էն ժամանակ Վիլեն Պարույրովիչն էր ստորագրում։
Այսինքն՝ ինչն է փոխվել 23 տարվա մեջ, ռեկտորների անուննե՞րը։ Իմ խոնարհումը բոլոր ստորագրած բժիշկներին, իմ խոնարհումը Աղաջանով ընտանիքի, Իոսիֆի հիշատակին, բայց այն մեթոդները, որոնք կիրառվում են, իրավական դաշտից չեն, դրանք ճնշում են, դեմ են մարդասիրությանը, դրանք ատելության ու վրեժխնդրության ավելի նման են, մենք խոսում ենք փաստերից, իրենք խոսում են արյունից և սեքսից։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դրանք հանրային գրգռիչներ են, և հանրությանը տրվել է այդ կերակուրը, և ազդում են հանրության կարծիքի վրա։ Բայց նույնիսկ, եթե 100 ապացույց կա, որ մարդը հանցանք է գործել, այդ մարդն էլ ունի ներման իրավունք։ Իսկ Մհերի գործում ընդամենը 1 ցուցմունք է։
-Իսկ կարելի՞ է ասել, որ սա նախադեպ է, այդ դեպքում բոլոր ցմահ ազատազրկման դատապարտվածները կարո՞ղ են ունենալ այն իրավունքները, որոնց մասին խոսում եք։
Իհարկե, կարող են։ Սա սահմանվում է օրենքով՝ ներման մասին օրենքում հստակ գրված է՝ պետությունը ինչ-ինչ ձեռքբերումների, և անձի սոցիալականացման համար․․․ իսկ մենք այլ քայլեր չենք արել, քան ուսումը, ընտանիքը, և միայն Մհերի այդ հոգևոր, մտավոր ձեռքբերումների համար վաղուց ցանկացած պետություն, ներում կշնորհեր։ Էլ չեմ խոսում գործի վերաբացման մասին, որ նման դատական ակտ չէր կարող կայացվել իրավական պետության մեջ։ Եթե անգամ մեկ ցուցմունքի հիման վրա կայացվեր, շատ շուտ կբեկանվեր։
Իհարկե, տուժող ընտանիքը կարող է ունենալ իր դիրքորոշումը, մենք կարող ենք ունենալ՝ մերը, բայց այստեղ պետության խնդիրն է։ Եվ նորից լիազորություններից դուրս գնում ենք հակաիրավական ճանապարհով, իրավունքների ոտնահարման ճանապարհով։ Ես ուզում եմ, որ արդար դատաքննության իրավունքը, մարդասիրությունը հաղթանակ տանեն։ Ի վերջո, միշտ զբաղվել եմ ծանրագույն հանցագործություններով և գործ եմ ունեցել բազմաթիվ տուժողների հետ։ Ես տեսել եմ դատարաններում անտեր տուժողների և այդ անտեր դատապարտյալների։ Բնականաբար, նրանց շահերը պաշտպանողներ չկան, բնականաբար էդ մարդիկ իմ, Մհերի պես իրավաբանություն են սովորում, որովհետև չունեն ո՛չ ազդեցիկ կապեր, ո՛չ գումար, ո՛չ նման ճնշումներ բանեցնելու գործիքներ, ո՛չ նման PR ակցիաներ, երբ անգամ մարդու անձնական կյանքն են հանում ջրի երես։ Ստոր մեթոդներ են կիրառվում, մեթոդներ, որոնք օրենքի դաշտից դուրս են և պատիվ չեն բերում։
0Comments